Հայաստանում 28 հասարակական կազմակերպություն հայտարարություն է ընդունել, ըստ որի Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, հանքագործական բիզնեսի ներկայացուցիչներ «Հայաստանը տանում են «ադրբեջանացման» ճանապարհով»:
Ըստ հիշյալ կազմակերպությունների, արդեն տեւական ժամանակ է՝ ՀՀ-ում ընթանում են ճնշումներ բնապահպան ակտիվիստների, բնապահպանական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ազդակիր համայնքների՝ հանքարդյունաբերության վնասակար ծրագրերին հակառակվող բնակիչների նկատմամբ:
Այդ բռնաճնշումներն, ըստ հ/կ-ների, արտահայտվում են ատելության խոսքով, վիրավորանքներով, զրպարտչական բնույթի հրապարակումների ֆեյքային հարձակումների, եւ արդեն իսկ պետական պաշտոնյանների որոշ ելույթների, տրված հարցազրույցների ձեւով:
«Այն ագրեսիվ քարոզարշավը, որ սկսվել է իբր բնապահպանների, բայց իրականում ազդակիր համայնքների դժգոհ բնակչության դեմ, ակնհայտ է դարձնում, որ դրա հեղինակները՝ իրենք են հարեւան բռնապետական երկրի՝ Լաչինի միջանցք փակող ու աղավնի խեղդող, կեղծ բնապահպան ակտիվիստներին ձայնակցում եւ նրանց զառանցանքը դնում իրենց քարոզչության հիմքում»,-նշում են հայտարարության հեղինակները:
Նրանք նաեւ հայտարարում են, որ բնապահպանական ջանքերի դեմ փնթի ու ագրեսիվ արշավը հարված է հենց ժողովրդավարությանը: Այդպիսի արշավը բնորոշ է բռնապետական ռեժիմներին, ինչպիսին է Ադրբեջանը:
«Հայաստանը չպետք է գնա բռնապետության ճանապարհով: Դա կործանման, ինքնաոչնչացման ճանապարհ է: Քաղաքացիական հասարակությունը եւ, մասնավորապես, բնապահպանական կազմակերպությունները եւ անհատ ակտիվիստները, ովքեր կանգնած են ՀՀ ժողովրդավարության ակունքներում, շարունակելու են պայքարել ժողովրդավարության արժեքների, հանրությանը եւ բնությանը հասցվող վնասակար նախաձեռնությունների հետեւողական խափանման համար»,-գրված է նրանց տարածած հայտարարության մեջ: