Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է մոբիլիզացիոն կանոնների բարեփոխման մասին նոր` խստացված օրինագիծ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։
Օրնագծին կողմ է քվեարկել 243 պատգամավոր, 12-ը՝ դեմ, 45-ը՝ ձեռնպահ։
Այս օրինագիծը, ի թիվս այլ բաների, նախատեսում է զորակոչի տարիքը 27-ից 25 տարեկանի իջեցում, էլեկտրոնային եղանակներով ծանուցման ներդրում եւ ժամկետային ծառայության վերացում՝ այն փոխարինելով համաբանակային բազային պատրաստությամբ։
Օրինագծի համաձայն խստացվում են նաեւ զորակոչի պայմանները։ Այն հնարավորություն է տալիս արգելափակել զորակոչից խուսափող զինապարտների բանկային հաշիվները, իսկ ոստիկանությանը՝ հավելյալ լիազորություններ է տալիս զորակոչից խուսափողներին բերման ենթարկելու համար։ Ինչ վերաբերվում է արտերկրում գտնվող զինապարտներին, ապա նրանք հնարավորություն կստանան հյուպատոսական հաշվառման կանգնել բացառապես զինգրքույկի առկայության դեպքում։
Ուկրաինական լրատվականը պարզաբանում է, որ փաստաթղթում փոփոխություններ կարող են կատարվել մինչեւ փետրվարի 21-ը, որից հետո տեղի կունենա Ռադայի երկրորդ ընթերցումը։
Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը ենթադրել է, որ օրինագիծը կարող է ընդունվել փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում, ստորագրվել մարտի սկզբին եւ ուժի մեջ մտնել ապրիլին։