Լոռու մարզի Չկալով գյուղում «չկա»-ներ շատ կան։ Ճանապարհ, ոռոգման ջուր, աշխատանք եւ շատ այլ բաներ են գյուղացիները թվարկում, որ պետք են լավ կյանքով ապրելու, գյուղը զարգացնելու համար։ Բայց չեղածը ստեղծելու, պակասը լրացնելու փոխարեն գյուղը նոր հարվածի է սպասում՝ դպրոցը փակվելու է։
ԿԳՄՍ նախարարության՝ 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները միավորելու որոշման մասին է խոսքը, ինչը, գյուղացիների կարծիքով, արտագաղթի եւս մեկ պատճառ կդառնա, եւ 165 բնակիչ ունեցող Չկալովում երիտասարդ չի մնա։
«Գյուղերը կմեռնեն։ Էն որ Թումանյանը քոթուկի վրա նստած նստած հեքիաթ էր պատմում, կգան էդ ժամանակները։ Նեսոյի նման անուսում ենք մնալու»։
Չկալովի հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Հարությունյանի կանխատեսումն է։ Գյուղի կրթօջախը երեսուն տարի ղեկավարած Հարությունյանը դեմ է նախարարության՝ «կրթության որակը բարելավելուն» միտված այս ծրագրի իրականացմանը։ Սեփական փորձից գիտի՝ դպրոց չլինի, գյուղում մարդ չի մնա։
«Ես 1994 թվին, երբ հարս եմ եկել Չկալով, էստեղ մնացել եմ զուտ աշխատանքի համար։ Դպրոցը փակված էր, գյուղապետը տատիկիս հորեղբոր թոռն էր, ասեց՝ բալա՛, ի՞նչ լավ բան անենք գյուղի համար, ասի՝ դպրոցը վերաբացենք։ 1995 թվականի հոկտեմբերի 10-ին բոլոր թղթերը պատրաստ էին։ Ի՜նչ մեծ ոգեւորություն էր գյուղում»,- հիշում է Անահիտ Հարությունյանը։
Չկալովի դպրոցը հիմնադրվել է 1957 թվականին եւ գործել մինչեւ 1980-ականներ։ 1970-ականներին աշակերտների փոքր թվաքանակի պատճառով դպրոցում միայն տարրական օղակ է գործել, միջին եւ բարձր դասարանների աշակերտները դպրոց գնացել են Դսեղում։ 1988-ին երկրաշարժից մասնակի փլուզված շենքում եւս երկու տարի դաս է եղել։ Հետո դպրոցը նորից փակել ու վերաբացել են արդեն 1995-ին։
Չկալովի դպրոցի առաջին եւ երրորդ, ութերորդ եւ իններորդ դասարանները համակցված են։ Չորրորդ եւ հինգերորդ դասարաններ չկան։ Իսկ վեցն ու յոթը, ըստ տնօրենի, կրթության նոր չափորոշիչների համաձայն՝ չի թույլատրվում միավորել։ Ամենաշատը՝ երեք աշակերտ, դպրոցի երրորդ դասարանում է սովորում։
Դպրոցի 11 սովորողից 5-ը Դսեղից են, այն ուսուցիչների երեխաները, որոնք Դսեղից Չկալով դասավանդելու են գալիս։ Երկու աշակերտ էլ սեպտեմբերին են ընդունել, երբ գյուղում արցախցի ընտանիք է հաստատվել։
11 ուսուցիչներից ինը նույնպես Դսեղից են, որ աշակերտների հետ ամեն օր վարձակալած մեքենայով գյուղից գյուղ են գալիս։
Չկալովի հիմնական դպրոցը Դսեղի միջնակարգին միացնելու դեպքում 11 ուսուցիչ եւ հինգ տեխնիկական աշխատող գործազուրկ կդառնան։ Տեղի աշակերտներն էլ, տնօրենի պնդմամբ, պարտաճանաչ կերպով Դսեղ չեն գնա։
«Էստեղից մինչեւ Դսեղի դպրոց 7 կմ 200 մետր է, բոլոր վարորդներն են ասում։ Մենք արդեն 5-6 տարի է՝ մարզպետարանում գրություն ենք տալիս։ Չգիտես ինչու՝ էդ 7,2 կիլոմետրը դարձել ա 5,8։ Google-ի ինչ-որ ծրագրով են որոշել։ Ենթադրենք էրեխեքը գնացին, տեղափոխեցինք մեկ մեքենայով, նրանք տարբեր ժամերի են վերջացնում դասերը, առաջին դասարանցին պետք է սպասի, մինչեւ որ բարձր դասարանցին ավարտի դասերը, միասին հետ գան։ Թե՞ վարորդը մի քանի անգամ գնալու է, հետ գա յոթ կիլոմետր ճանապարհը», — ասում է Չկալովի դպրոցի տնօրենը։
Փակման վտանգի առաջ կանգնած գյուղական այս դպրոցում շենքի եւ ընդհանրապես միջավայրի բարելավմանն ուղղված որեւէ ծրագիր չեն կարողանում իրականացնել․ չեն թույլատրում։ Պատճառը միավորումն է։ Ինչո՞ւ գումար ծախսել մի կառույցի համար, որը երկու տարի անց չի գործելու։ Սա է պետության որդեգրած քաղաքականությունը։
«Երեք անգամ 8-ական միլիոն դրամ պետությունն իմ դպրոցից վերցրել է։ Տնտեսած գումար էր։ Հիմա էլ գումար ունենք, խնդրում եմ, որ թողնեն կոսմետիկ ռեմոնտ անենք, ասում են՝ չէ ու վերջ։ Յոթ միլիոնի տնտեսում ունենք։ Չեն վերցնում, բայց չեն էլ թողնում դա օգտագործես, գործ անես։ Վերջին երեք տարում 100 հազար դրամից ավելի իրավունք չունես ծախսես, պետք ա մարզպետին հատուկ գրություն գրես։ Աթոռները ջարդվել են, չեմ կարում աթոռ գնել։ Էսօր անգամ կատակում էինք՝ կլինի՞ աթոռները հատ-հատ առնենք, որ 100 հազարը չանցնի, մարզպետից թույլտվություն չվերցնեմ։ Գրություն էլ գրում եմ, ասում են՝ դրա ժամանակը չի, համբերիր կամ պատասխան է գալիս, որ վարչապետից հրահանգված ա՝ ոչ մի դպրոցի վրա ավելորդ ծախս չանել, քանի որ կա միացման ծրագիրը»,- պարզաբանում է տնօրենը։
Տարիներ առաջ, երբ կար «Բարի լոտո»-ն, դպրոցը գումար էր շահել, որով կարողացել են կոսմետիկ նորոգում անել։ Երկու տարի առաջ էլ կղմինդրե տանիքն են փոխել՝ «կռվով-դավով», ասում է տնօրենը, հետո՝ պատուհանները։ Կրկին տնտեսումների հաշվին։
Տարիներ շարունակ փոքր գյուղերի դպրոցներն ուժեղացնելու, կրթական տարբեր ծրագրեր ներմուծելու, տեխնիկապես զինելու եւ աշակերտների հետաքրքրությունը մեծացնելու փոխարեն պարզապես թուլացրել են դպրոցը։ Այս կարծիքին են Չկալովի դպրոցի ուսուցիչները, որ դժգոհ են կառավարության՝ թե՛ դպրոցները միավորելու եւ թե՛ կրթական ծրագրերի մշակման քաղաքականությունից։
Խանդութ Աթյանը Չկալովի հիմնական դպրոցում աշխարհագրություն է դասավանդում։ Դասագրքերի նյութը, մատուցման ոճը, բառապաշարը անչափ խրթին ու բարդ է համարում։ Ասում է՝ տրվող նյութը ինքն էլ մանրամասն կարդում եւ փորձում է առավել մատչելի ձեւով բացատրել աշակերտներին, այլապես տանը ինքնուրույն սովորել չեն կարողանա։
«Հինգ եւ վեցերորդ դասարանների աշխարհագրությունները հանել են, բնություն, բնագիտություն են դրել։ Այդ 2 տարին երեխաներն աշխարհագրությունից ընդհանրապես գաղափար չեն կազմում։ Հասնում են 7-րդ դասարան, որտեղ առաջին կիսամյակում անցնում են նախորդ 2 տարվա խտացված թեմաները։ Ստացվում է՝ մեկ կիսամյակում երկու տարվա թեմա են ուսումնասիրում, ինչը շատ բարդ է աշակերտի համար։ Բարդ ու խրթին լինելուց բացի թեմաները նաեւ աղավաղված են, սխալներով լի», — ասում է ուսուցչուհին եւ ավելացնում՝ տանում են նրան, որ աշակերտը հիասթափվի առարկայից, առարկան ճիշտ չիմանա, կարճ ասած՝ անգրագիտության են մղում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՉկաLove-ում սեր կա |
«Մեր պայմաններում, երբ աշակերտները քիչ են, ուսուցիչը կարողանում է երկու երեխայի հետ մանրամասն աշխատել՝ թեկուզ այլ գրականությունից օգտվելով։ Մեծ դասարանների դեպքում, որտեղ 25-30 աշակերտ են, դա հնարավոր չի լինի», — ասում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Հայարփի Քառյանը, ով դասագրքերում QR կոդի առկայությունն էլ անիմաստ, երեխային խանգարող բան է համարում։
Այս դպրոցում գրեթե բոլոր ուսուցիչներն են դժգոհ նոր չափորոշիչներից, դասագրքերից։ Կրթության որակը, ըստ նրանց, մտադրված են փչացնում։ Իսկ կրթական գործընթացը կազմակերպելու համար տեխնիկական միջոցներ, դիդակտիկ նյութեր, քարտեզներ եւ անհրաժեշտ այլ պարագաներ չեն ստանում․ փակվող դպրոց ենք, ասում են, հավանաբար այդ պատճառով է։
«Խորենացու ողբն է։ Եթե էսպես գնաց, թուրքի ոտի տակ կորչելու ենք»․ զրույցն այսպես է եզրափակում Չկալովի՝ գուցե ընդմիշտ փակվող դպրոցի տնօրենը։ Իսկ գյուղի նորաբաց նախակրթարանի վեց սաներից երեքը սեպտեմբերին են սպասում, որ դպրոց գնան։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։