Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, մեկնաբանելով Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը, հայտարարել է, որ Արեւմուտքի ներկայացուցիչներն այսօր համաձայնել են չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները:
Ռոհանին ընդգծել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի շուրջ: Արեւմուտքի ներկայացուցիչները համաձայնել են չեղյալ հայտարարել գլխավոր պատժամիջոցները՝ նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման եւ ապահովագրման, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ:
«Այժմ քննարկվում են որոշ աննշան հանգամանքներ»,- նշել է Իրանի նախագահը:
Նախօրեին Իրանի նախագահն ասել էր, որ Վիեննայում բանակցությունները կավարտվեն Իրանի հաղթանակով: Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին լավ առաջընթաց էր նախանշել՝ բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքները հաշվի առնելով:
Վիեննայում ապրիլի սկզբից Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) նիստեր են անցկացվում, ինչպես նաեւ փորձագետների մակարդակով աշխատանք է տարվում երեք աշխատանքային խմբով՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացումը վերսկսելու նպատակով: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները խորհրդակցություներ են անցկացրել նաեւ ԱՄՆ պատվիրակության հետ: