Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրաժարվել է գրանցել «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից առաջադրված Բորիս Նադեժդինի թեկնածությունը որպես մարտին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է թեկնածուների գրանցման համար գումարված հանձնաժողովի նիստից հետո։
«Համաձայն չեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ։ Ամբողջ Ռուսաստանում հավաքեցի ավելի քան 200 հազար ստորագրություն։ Մենք հավաքագրումն անցկացրել ենք բաց եւ ազնիվ. ամբողջ աշխարհը հետեւել է մեր շտաբի եւ հավաքագրման կետերի հերթերին:
2024 թվականին նախագահական ընտրություններին առաջադրվելն իմ կյանքի ամենակարեւոր քաղաքական որոշումն էր։ Ես չեմ նահանջում իմ մտադրություններից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կբողոքարկեմ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարան»,-գրել է Նադեժդինը իր տելեգրամյան ալիքում։
ՌԴ ԿԸՀ-ն հայտարարել է, որ աշխատանքային խումբն ընդունել է Նադեժդինի թեկնածության առաջադրմանը աջակցող 104 ․734 քաղաքացու ստորագրություն։ Հանձնաժողովը ստուգումներից հետո անվավեր է ճանաչել դրանց 8,7%-ը կամ 9․147-ը։ Ընդհանուր առմամբ վավեր է ճանաչվել 95․587 ստորագրություն։
Ի թիվս այլ խախտումների, որոնք հայտնաբերել է ԿԸՀ-ն, նշվում է, որ 1767 դեպքում ստորագրություններ հավաքագրողը չի եղել հավաքագրողների ցուցակում, 995 դեպքում հավաքագրողի տվյալները չեն համապատասխանել հավաքագրողների ցանկում ներառելու համար անհրաժեշտ նոտարական վավերացված տվյալներին, իսկ 123 դեպքում հավաքագրողների անունից գործառույթները կատարել են երրորդ անձինք։
Բացի այս ամենը ԿԸՀ-ի հատարարության տեքստում նաեւ նշվում է, որ Նադեժդինի համար եւս 858 ստորագրություն անվավեր է ճանաչվել Ներքին գործերի նախարարության պատասխանի հիման վրա։
ՌԴ ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել նաեւ «Ռուսաստանի կոմունիստներից» առաջադրված Սերգեյ Մալինկովիչին՝ նրա հավաքած ստորագրությունների մեջ առկա թերությունների պատճառով։ Նա ներկայացրել էր 104․998 ստորագրություն, որից անվավեր է ճանաչվել 8979 -ը։