Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում խաղաղությունն ու ժողովրդավարությունը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ օլիգարխ, այժմ կուսակցության «պատվավոր» նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վաստակն է։
Վրաստանի վարչապետի պաշտոնում իր թեկանծությունը առաջադրելու համար կուսակցության հիմնադրին շնորհակալություն հայտնելուց հետո Կոբախիձեն խորհրդարանում հայտարարել է․ «Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ այսօր Վրաստանում առկա ժողովրդավարությունը, խաղաղությունը, տնտեսական առաջընթացը, եւ այն, որ Վրաստանը դարձել է Եվրամիության թեկնածու երկիր, առաջին հերթին Բիձինա Իվանիշվիլիի վաստակն է»։
Խոսելով իր կուսակցության գործող կառավարության գործունեության հեռանկարների մասին Վրաստանում վարչապետի թեկանծուն ընդգծել է, որ խաղաղ ճանապարհով Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը եւ երկրում աղքատության ամբողջական հաղթահարումը իշխանությունների հիմնական ազգային նպատակներն են։
«Այսօր Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, իսկ Վրաստանի բնակչության 15 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր։ Մենք կարող ենք գոհ լինել մեր գործունեությունից եւ ինքներս մեզանից միայն այս երկու ցուցանիշները վերականգնելուց հետո։ 0 տոկոս օկուպացիան եւ 0 տոկոս աղքատությունը «Վրացական երազանքն է», եւ սա մեր երազանքների Վրաստանն է։ Վրաստանի կառավարության գործունեությունն ուղղված է լինելու այս երազանքի իրականացմանը սկզբից մինչեւ վերջ՝ ինչպես 2024 թվականին, այնպես էլ 2025-2028 թվականներին»,-հայտարարել է Կոբախիձեն։