Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը:
Գործն առնչվում էր Լեռնային Ղարաբաղ (Արցախ) կատարած այցելության պատճառով ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ 2017-ին ադրբեջանական բանտում տեղի ունեցած միջադեպին: Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ տեղի ունեցածն ինքնասպանության փորձ է, մինչդեռ Լապշինը պնդում էր, որ բանտում փորձել են սպանել իրեն:
Միջադեպի հետեւանքով Լապշինը հոսպիտալացվել էր եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի կողմից համաներման արդյունքում նա ազատ էր արձակվել, իսկ հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո արտաքսվել Իսրայել:
Լապշինը դիմել էր ՄԻԵԴ-ին՝ հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) եւ 3-րդ (անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք) հոդվածներին՝ հայտարարելով, որ բանտում իր դեմ մահափորձ է արվել, եւ որ տեղի իշխանությունները պատշաճ քննություն չեն իրականացրել: Նա բողոքել էր նաեւ, որ ադրբեջանական բանտում նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկվել: ՄԻԵԴ դիմումը ներկայացվել էր 2018-ի մարտի 7-ին:
Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին Լապշինին վճարել 30 հազար եվրո փոխհատուցում: