Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան Fox News հեռուստաալիքի նախկին հաղորդավար Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում Ուկրաինային եւ Արեւմուտքին մեղադրել է այժմ ընթացող հակամարտությունը սկսելու մեջ՝ այն անվանելով 2014 թվականի «Կիեւում պետական հեղաշրջման» եւ հետագայում Մինսկի պայմանավորվածությունների կատարումից Ուկրաինայի հրաժարվելու հետեւանք։
Նա Վաշինգտոնին կոչ է արել վերանայել իր դիրքորոշումը եւ հաստատել, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության։
«Ինչո՞ւ հեղաշրջում: Ինչո՞ւ զոհեր։ Ինչո՞ւ է Ղրիմը սպառնալիքի տակ։ Ինչո՞ւ Դոնբասում գործողություն սկսեցին։ Ես սա չեմ հասկանում»,-հարցադրումներով ասել է Պուտինը եւ ավելացրել, որ այդ գործընթացներին ակտիվ մասնակցություն է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը։
Պուտինը հարցազրույցի ընթացքում նաեւ ասել է, որ դեռեւս 2000-ականների սկզբին՝ նախագահ դառնալուց հետո, նա փորձել է բարելավել հարաբերությունները Արեւմուտքի հետ եւ նույնիսկ իբր քննարկել է Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:
Պուտինի խոսքերով ի վերջո Մոսկվան մերժում էր ստացել։ «Ռուսաստանը ակնկալում էր, որ իրեն կընդունեն «քաղաքակիրթ ժողովուրդների» եղբայրական ընտանիք, սակայն նման բան տեղի չունեցավ»։
Հաջորդիվ Պուտինը ընդգծել է․ «Մենք երբեք չենք համաձայնել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, այն բանին, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում։ Մենք չհամաձայնեցինք այնտեղ ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայմանը` առանց մեզ հետ քննարկելու»։
Ի պատասխան լրագրողի այն հարցին թե արդյո՞ք Ռուսաստանը պատերազմում հասել է իր բոլոր նպատակներին, նախագահ Պուտինը ասել էր․ «Ո՛չ, մենք դեռ չենք հասել մեր նպատակներին, քանի որ դրանցից մեկը դենացիֆիկացիան է։ Սա նշանակում է արգելել բոլոր տեսակի նեոնացիստական շարժումները։ Չնայած ասում եք, որ Հիտլերը մահացել է 80 տարի առաջ, սակայն նրա օրինակը ապրում է։ Ողջ են այն մարդիկ, ովքեր ոչնչացրել են հրեաներին, ռուսներին եւ լեհերին, մինչդեռ Ուկրաինայի ներկայիս նախագահը Կանադայի խորհրդարանում հոտնկայս է ծափահարում է նրանց»։