Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը եւ իր պատրաստակամությունն է հայտնում բարձր մակարդակով հետամուտ լինել հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող եռակողմ համաձայնագրերի կյանքի կոչմանը։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանում ընտրությունների հաջող անցկացումը եւ հավատարիմ է Ադրբեջանի Հանրապետության հետ իր դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ ակտիվ համատեղ աշխատանքին, այդ թվում ամենաբարձր մակարդակով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված եռակողմ համաձայնագրերի ողջ համալիրի իրականացմանը»,-ասվում է հայտարարության տեքստում։
ՌԴ ԱԳ նախարարությունը նաեւ քննադատել է ԵԱՀԿ դիտորդների կողմից նախօրեին հնչեցրած գնահատականները՝ դրանք անվանելով «կողմնակալ»։
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին իրենց հայտնաբերած լրջագույն ընտրական խախտումների մասին։ Ներկայացված գնահատականներում ընդգծվել էր, որ ընտրությունները եղել են «ոչ մրցակցային» եւ «անցել են սահմանափակող միջավայրում»։
«Այս ֆոնին չափազանց կողմնակալ էին երեւում արեւմտյան երկրների և նրանց կողմից վերահսկվող միջազգային կառույցների գնահատականները, որոնք, ինչպես տեսանք, ի սկզբանե ոչ օբյեկտիվ էին տրամադրված Ադրբեջանի նախագահական ընտրությունների նկատմամբ եւ կիրառել էին ընտրական գործընթացը վարկաբեկելու նախապես մշակված մեթոդներ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում։