«Արցախպրես» գործակալությունը, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, հայտնել է, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին:
Բաքուն հայ ռազմագերիներին մեղադրում է Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ահաբեկչական գործողությունների իրականացման համար:
Ըստ minval.az-ի՝ ադրբեջանական օմբուդսմենի գրասենյակից մանրամասնել են, որ ՄԻՊ-ը պահվող անձանց հետ հանդիպել է երես առ երես եւ հետաքրքրվել` արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են:
Ադրբեջանական աղբյուրի պնդմամբ` պահվող անձինք հայտնել են, որ բավարարված են պահման պայմաններից, սննդից, բուժսպասարկումից եւ իրենց հանդեպ վերաբերմունքից: Օմբուդսմենն անհատական կարգով լսել է նրանց դիմումները. մայրենի լեզվով ներկայացվել են պահվող անձանց իրավունքները:
Ադրբեջանի ՄԻՊ-ը տվյալ միջոցառման շրջանակում անցկացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան, մեկնաբանելով հայ ռազմագերիների առնչությամբ հնչող մեղադրանքները, հայտնել է, որ Ադրբեջանն ազատ է արձակել եւ վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին:
«Ներկայում Ադրբեջանը մանրամասն հետաքննություն է իրականացնում 44-օրյա պատերազմից հետո ձերբակալված բոլոր անձանց նկատմամբ»,- հավելել է Աբդուլլաեւան:
Հիշեցնենք՝ մայիսի 4-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 72-ի:
Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անազատության մեջ շարունակում է մնալ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ:
Հայաստանը, իր հերթին, վերադարձրել է 16 ադրբեջանցու, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիեւին ու Դիլհամ Ասկերովին։
Պաշտոնական Բաքվի գնահատմամբ՝ հայ գերիները «դիվերսանտներն են», որոնց նկատմամբ մեղադրանք է հարուցված: