Ես միշտ դեմ եմ եղել Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը, որովհետեւ համարել եմ, որ հատկապես ծայրահեղ իրավիճակներում այն անարդյունավետ է։ Բացի այդ՝ Հայաստանի նման երկրներում կառավարման այդպիսի համակարգը ամբողջովին վերացնում է փոխադարձ զսպումների մեխանիզմները։ Ազգային ժողովը դառնում է մեծամասնության կառավարության պարզ կցորդը՝ դակելով նրա բերած բոլոր օրինագծերը։
Անցած երեք տարին ցույց տվեց, որ այս մտավախությունս տեղին էր։ Սերժ Սարգսյանի համար կարած Սահմանադրական «կոստյումը» Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հավանեց ու «հագավ», այլեւ անխնա շահագործում է այդ «կոստյումի» ընձեռած բոլոր հնարավորությունները։ Իսկ դրա աղետալի հետեւանքները մենք տեսնում ենք ամեն օր։
Երբ շատ տարիներ առաջ նման կառավարման համակարգի անցնելու խոսակցություն կար, ես գրեցի մի երգիծական պատմվածք, որ հրապարակվեց հեղինակավոր թերթերից մեկում։
Հիմա՝ 22-23 տարի անց, նորից հրապարակում եմ այն, բայց մի քիչ վերափոխված՝ ներկա սահմանադրական իրողությունները նկատի ունենալով։ Ընդ որում, կարծում եմ, այսպիսի իրավիճակ միանգամայն հնարավոր է առաջիկա ընտրություններից հետո։
Շուտով, հավանաբար, հոդված կգրեմ Հայաստանի համար խորհրդարանական, ավելի ճիշտ՝ սուպերվարչապետական համակարգի վնասների եւ նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերից մեկին անցնելու անհրաժեշտության մասին։
Իսկ հիմա՝ պատմվածքը։
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ»
Ընտրությունները կայացան, եւ խորհրդարանը 111 անդամ ուներ։ Բայց ոչ մեկը գոհ չէր։ Չէ, սխալ ասացի, գոհ էր միայն մեկը՝ մի կուսակցություն։
Ուրեմն, խորհրդարանը 111 պատգամավոր ուներ. հիսունը մի կուսակցության անդամ էր, հիսունը՝ առաջինի կատաղի հակառակորդ կուսակցության անդամ, եւ միայն հիշատակածս գոհ կուսակցությունն էր, որ 11 տեղ էր ստացել։ Եվ այս վերջինը միանգամից դարձավ ամենակարեւորը. չէ՞ որ առանց նրա հետ դաշինք կազմելու երկու կատաղի հակառակորդ կուսակցություններից ոչ մեկը չէր կարող մեծամասնություն ստանալ ու կառավարություն ձեւավորել։
Եվ սկսվեցին այցելությունները հիշյալ կուսակցության գրասենյակ։
Առաջին կուսակցության ներկայացուցիչները հանդիպման հենց սկզբում հիշեցրին, որ 11 տեղ ստացած կուսակցության ղեկավարը կարիերան իրենց մոտից է սկսել։
-Բնակարանդ բանի նման չի,- ասացին կուսակցության ղեկավարին,- քաղաքից դուրս մի լավ տուն կա, նվիրում ենք քեզ, պահակազոր կունենաս, քո կյանքը հիմա քոնը չի, հասարակությանն է, հասարակությունը քո ձայնին ու քո կարծիքին է սպասում։
-Ուրեմն, ես դառնում եմ խորհրդարանի նախագահ,- ասաց՝ սեփական կուսակցության կարեւորությունը գիտակցելով։
Բակում արդեն սպասում էին մյուս կուսակցության ներկայացուցիչները։
— Դուք ստանում եք երկու փոխնախագահների տեղը եւ բոլոր հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Չէ, մեկը գոնե պիտի տանք մյուս կուսակցությանը. ժողովրդավարությունը պիտի ապահովվի։
Մի պահ շունչ քաշեց եւ շարունակեց.
-Դուք կառավարություն եք կազմում, բայց կառավարությունում երկու տեղ իմն է, այսինքն՝ իմ կուսակցությանը։ Ես ստանում եմ զրահապատ ավտոմեքենա, երթեւեկելիս ինձ ուղեկցում է թիկնազորի երկու մեքենա, օրենքի նախագիծ կազմեք, որ խորհրդարանի նախագահը ցմահ անձեռնմխելի անձ է։ Մնացածի մասին հետո կխոսենք։
-Բայց այդպես չի լինի,– բողոքեցին,– արի համաձայնիր՝ գոնե խորհրդարանի նախագահը մեզանից լինի, իսկ դու լինես փոխնախագահներից մեկը, խորհրդարանի նախագահը պիտի մեծամասնությունից լինի։
-Ի՞նչ։ Դուք եք, հա՞, մեծամասնությունը։ Մեծամասնությունը ՄԵ՛ՆՔ ենք։
-Կառավարությունում քո կուսակցությանը միայն մի պորտֆել կարող ենք տալ։
-Ի՞նչ։ Մի պորտֆե՞լ։ Հաջողություն։
Մյուս կուսակցության ներկայացուցիչները ներս մտան թափով։
-Ողջույն մեր երկրի ամենաառաջադեմ կուսակցության ամենաիմաստուն ղեկավարին,- միանգամից սկսեցին նրանք։
Այդ արտահայտությունը կազմելու համար շատ էին չարչարվել։ Հատկապես «ամենաիմաստուն» բառը դժվար գտան։ Սկզբում մտածում էին ասել «ամենախելոք», բայց դա թույլ թվաց, հետո՝ «ամենագիտուն»։ Մեկն առաջարկում էր ասել «ամենահանճարեղ», բայց մյուսներն առարկեցին, յուրաքանչյուրը համոզված էր, որ գոնե «ամենահանճարեղ» տիտղոսին հենց ինքն է արժանի։
-Ուրեմն, ես դառնում եմ խորհրդարանի նախագահ, դուք ստանում եք երկու փոխնախագահների տեղը եւ բոլոր հանձնաժողովների նախագահների պաշտոնները։
-Չէ, մեկը գոնե պիտի տանք մյուս կուսակցությանը. ժողովրդավարությունը պիտի ապահովվի,- ասաց՝ սեփական կուսակցության կարեւորությունը գիտակցելով։
Հենց նոր իր սենյակից դուրս եկած կուսակցության ներկայացուցիչները դեռ բակում էին ու բուռն կերպով քննարկում էին վերադառնալու եւ պատգամավորի առաջարկներն ընդունելու հարցը։
Ապա շարունակեց.
-Դուք կառավարություն եք կազմում, բայց կառավարությունում երկու տեղ իմն է, այսինքն՝ իմ կուսակցությանը։ Ես ստանում եմ զրահապատ ավտոմեքենա, երթեւեկելիս ինձ ուղեկցում է թիկնազորի երկու մեքենա, օրենքի նախագիծ կազմեք, որ խորհրդարանի նախագահը ցմահ անձեռնմխելի անձ է։ Մնացածի մասին հետո կխոսենք։
-Ի՞նչ երկու,- ասացին,- քո կուսակցությանը կառավարությունում չորս տեղ կտանք։ Ոչ միայն խորհրդարանի նախագահը, այլեւ նրա ընտանիքի բոլոր անդամները պիտի ցմահ անձեռնմխելի լինեն,- շարունակեցին։- Ամոթ չի՞ խորհրդարանի նախագահին երկու մեքենա ուղեկցի։ Կերթեւեկես պատվո շարասյունով. մի մեքենա՝ առջեւից, մեկը՝ ետեւից, կողքերից էլ՝ չորս մոտոցիկլիստ։ Արտասահմանյան ուղեւորությունների համար քո հատուկ ինքնաթիռը կունենաս, մինչեւ երկրի սահման քո ինքնաթիռին երկու մարտական ինքնաթիռներ կուղեկցեն։ Է՞լ ինչ ես ուզում։ Տունդ բանի նման չի։ Կառավարական դաչաներում կապրես, իսկ հետագայում մի տուն կառնենք քեզ համար՝ պարսպապատ, այգիով-բանով։
-Նախագահի հաջորդ թեկնածուն ես պիտի լինեմ, ու դուք էլ ինձ պիտի պաշտպանեք,- ավելացրեց՝ անպայման առարկություն փնտրող եւ այդ առարկության պատճառը գտած մարդու երջանկությամբ։
-Համաձայն ենք,- ասացին,- միայն թե հիմա դաշինք կազմենք։
Հիմա այդ պատգամավորը պատրաստվում է երկրի նախագահ դառնալ։
Հ. Գ. Բա սահմանների իրավիճա՞կը, բա սահմանազատման հետ կապված վերջին սկանդալնե՞րը։ Էդ ամեն ինչը, իմ կարծիքով, հենց ածանցյալ է այս համակարգի, որտեղ մեկի անձնիշխանությանը զսպող ոչինչ չկա։ Բայց, արդեն նախաբանում ասացի, այս համակարգի ամբողջ արատների մասին՝ այլ հոդվածում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։