ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը ներկայացվել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ելույթը: Բորելը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի անդամներին՝ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո ռազմագերիների եւ պահվող անձանց հարցը բարձրացնելու համար:
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը հստակ դիրքորոշում է որդեգրել. բազմիցս երկու կողմերին էլ կոչ է արել ամբողջությամբ կյանքի կոչելու հրադադարի պայմանագիրը, փոխանակելու ռազմագերիներին եւ ազատելու մյուս բոլոր պահվողներին, անկախ նրանց գերեվարման հանգամանքներից, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի եւ հրադադարի մասին համաձայնագրի:
«Բոլոր հայ գերիներին ազատելը կարեւոր է վստահության եւ վստահության ամրապնդման համար, ու դա կարեւոր քաղաքական ժեստ կլինի: Մենք ողջունեցինք հունվարի 29-ին եւ մայիսի 4-ին հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Պնդում ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածներն ազատվեն առանց հետաձգելու»,- ըստ «Արմենպրեսի»՝ ընդգծել է ԵՄ բարձրագույն հանձնակատարը:
Բորելը շեշտել է՝ Եվրամիությունն ակնկալում է, որ երկու կողմերն էլ համագործակցեն ոչ միայն գերիների վերադարձի, այլ նաեւ մարդասիրական այլ կարեւոր հարցերի շուրջ: Անհայտ կորածների աճյունների հայտնաբերումն ու հայրենադարձությունը պետք է շարունակվեն: Անհրաժեշտ են անհետաձգելի եւ վճռական քայլեր՝ մարդասիրական ականազերծման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, ներառյալ ականազերծված դաշտերի քարտեզի փոխանակումը՝ հակամարտության հետեւանքով ավերված տարածքներ վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար:
ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարը կարեւորել է լարվածությունը մեղմելու եւ հասարակություններին խաղաղ պայմաններում առաջընթաց ապահովելու քայլերը եւ ընդգծել՝ հասարակական բորբոքային հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:
«Եվրամիությունը կոչ է արել պատասխանատվություն կրելու միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտման համար: Գերիների խոշտանգումների, վատ վերաբերմունքի կամ մահապատժի ենթարկելու մասին մեղադրանքները եւ ռազմական ցանկացած այլ հանցագործություն, որ կարող էր կատարվել վերջին ռազմական գործողությունների ընթացքում, պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: Եվրամիությունը պատրաստ է նպաստելու միջազգային եւ անկախ արդարադատության մեխանիզմներին եւ աջակցելու նման հայցերի անկախ հետաքննությանը»,- շեշտել է Բորելը:
Նա փաստել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը եւ անհապաղ մարդասիրական խնդիրների լուծումը միայն առաջին քայլն են` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու համար:
«Անհրաժեշտ են բանակցային նոր ջանքեր՝ համապարփակ եւ կայուն կարգավորման համար: Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր համանախագահների գլխավորությամբ: Եվ մենք պատրաստ ենք նպաստելու տեւական եւ համապարփակ կարգավորման ձեւավորմանը, այդ թվում` կայունացման եւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների միջոցով»,- ընդգծել է Բորելը: