Երբ գործող իշխանությունները մեջտեղ բերեցին Հայաստանի անկախության հռչակագիրը փոխելու պարտադրված թեզը, նիկոլական ու նիկոլամերձ շրջանակներից հնչեցին տեսակետներ, թե 34 տարի առաջ Հռչակագիրն էլ մի ուրի՛շ պարտադրանքով է ստեղծվել եւ ոչ հայ ժողովրդի կամքով։
Չխորանալով մանրամասների մեջ, չանդրադառնալով ոչ հեռավոր անցյալի պատմությանը, որին առնվազն որպես դիտորդ մասնակից եմ եղել, ընդամենը մի հարց ձեւակերպեմ. «Կարո՞ղ էր 1990 թվականի օգոստոսին Հայաստանի Գերագույն խորհուրդը քննարկել ու քվեարկել մի տեքստ, որի մեջ չլիներ հետեւյալ կետը.
11. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Կարող եմ անմիջապես պատասխանել ՝ ո՛չ։ Բայց որպեսզի ժխտումս կտրուկ եւ անքննելի չհնչի, խորհուրդ եմ տալիս մտովի մի պահ տեղափոխվել հարեւան հանրապետություն, տեղավորվել միջին վիճակագրական թուրքի մաշկի մեջ եւ նույն թուրքի հայացքով նայել Հայաստանին, որը, 70 տարվա զսպաշապիկը թոթափելով՝ անկախ պետականություն է հռչակում ու հանկարծ անտեսում, լռության է մատնում ցեղասպանության փաստը։
Թուրք ես՝ թիավար Ալի կամ մի բանվոր Աբդուլահ կամ մի փաստաբան Օմեր, մի Բեքիր, Այշե, Ֆաթմա, Ռեսուլ… կհասկանայի՞ր, թե ոնց հրաշքով ստեղծվող անկախ Հայաստանի հիմնարար փաստաթղթում հիշատակված չէ Արեւմտյան Հայաստան տեղանունը եւ խոսք անգամ չկա այնտեղ եղած ցեղասպանության մասին։ Չէի՞ր ասի՝ լավ, սրանք աննորմա՞լ են, էս ո՞ր կետից են սկսում նոր հանրապետության պատմությունը։
Կասեիր, որովհետեւ կայսրության ժառանգ հանրապետության քաղաքացի լինելով՝ գիտես, որ պետությունն ու պատմությունն իրարից անկախ գոյություն ունենալ չեն կարող։
Եվ սա էր պատճառը, որ, չնայած 11-րդ կետի պատճառած տհաճությանը՝ թուրք պաշտոնյաներն ու դիվանագետներն այնուամենայնիվ շփվում էին նորահայտ պետության դիվանագետների ու պաշտոնյաների հետ, քննարկում մերձեցման հարցեր՝ նեղսրտելով, բայց չդնելով Անկախության հռչակագիրը վերախմբագրելու պահանջ։
Նրանք, ի տարբերություն շատ ու շատ հայ «ուղեղ»-ների՝ հասկանում էին, որ անկախությունը հանգամանքների բերումով չի ընկել Հայաստանի գլխին, ի տարբերություն շատ ու շատ ինքնամերժ հայերի՝ գլխի էին , որ ռուսը չի կռվում Լեռնային Ղարաբաղում եւ ռուսը չի պաշտպանում արցախցիներին։ Բայց նաեւ գիտեին, որ հայն ու Հայաստանը՝ թուրն առած, չէին գալու իրենց վրա՝ կորսված հայրենիքի հետեւից։ Նրանց համար Հայաստանը ոչ թե ռուսական կայսրության ինչ-որ մնացորդ էր, այլ հավասար (գուցե ոչ շատ հաճելի) գործընկեր։
Ներկայացվող տեսանյութում այդ հավասարությունը պարզ երեւում է։ Հայն ու թուրքը սիմետրիկ խոսում են՝ մեկն Արցախի անվտանգությունը երաշխավորելու, մյուսն Ադրբեջանին աջակցելու մասին։ Այս պայմաններում խոսք անգամ չէր կարող լինել հիմնարար որեւէ փաստաթղթում փոփոխություն անելու մասին։
Մի հետաքրքիր փաստ էլ։ 1995 թվականին, երբ Հայաստանում նշվում էր ցեղասպանության 80-րդ տարելիցը, երբ բացվում էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, երբ Գիտությունների ակադեմիայում կազմակերպվում էր ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով, ապրիլի 24-ից չորս օր առաջ, Թուրքիան բացեց օդային սահմանը, որը գործում է մինչ օրս։
Լավ, մի՞թե դժվար է ընկալել, որ պատմությունը (կամ դրա դրվագներից մեկը) ծառի չորացած ճյուղ չէ, որի հատմամբ իբր խնդիր է լուծվելու եւ հասկանալ, որ պետությունը (եթե դա գյադայապետություն չէ) պատասխանատու է ներկայի եւ ապագայի համար, բայց նաեւ անցյալին տեր կանգնելու հանձնառություն ունի։
1990-ականների հայն ու Հայաստանը սա կարող էին որպես փաստարկ ներկայացնել։ 2020-ից հետո հայն ու Հայաստանն այլեւս փաստարկ չունեն։ Մենք տանուլ ենք տվել ոչ միայն պատերազմը, կորցրել ենք ոչ միայն Արցախն ու Հայաստանի որոշ տարածքներ, այլեւ սպառել ենք անցյալի դառը փորձն իբրեւ քաղաքական փաստարկ ներկայացնելու հնարավորությունը։
Երբ 1996 թվականին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ չունենալով ոչ մի երկրի աջակցություն, միանձնյա վետո էր դնում առաջարկվող փաստաթղթի վրա, ներկաները զայրույթից կրճտացնում էին ատամները, բայց նաեւ հեզորեն լսում ցեղասպանության կրկնության անթույլատրելիության մասին ցեղասպանություն տեսած ազգի առաջնորդի պնդումները։
Որովհետեւ իրենք էլ՝ շվեդը, լեհը, գերմանացին, հոլանդացին… մյուսները գիտեն, որ պատմությունը չորացած ճյուղ չէ, մինչդեռ պետությունն առանց պատմության ընդամենը ցախ է։
Դավադրապաշտության սիրահար նիկոլականների հետ վեճ չունեմ։ Ես խոսում, գրում եմ այն մարդկանց համար, որոնք ունակ են դատելու, թացը չորից զանազանելու եւ հասկանալու, որ պարտությունը՝ թեկուզ շատ դառը, չի կարելի վերածել ինքնաոչնչացման։
Հ.Գ. Հա, ի դեպ մի թեմա էլ Հռչակագրի նախաբանում տեղ գտած հետեւյալ ձեւակերպումն է. «…հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…»։
Սա էլ իբր ռուսների, ԿԳԲ-ի, ԳՌՈւ-ի, մասոնների հորդորով է մտել Հռչակագրի տեքստի մեջ։ Ասում են՝ ական է դրվել ու նման բաներ։
Այստեղ էլ ոչ մի գաղտնիք չկա։ 1990 թվականին՝ թեեւ որակապես տարբեր, բայց Գերագույն խորհուրդը նույն ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն էր։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված որոշումը Հռչակագիր քննարկող-քվեարկող այդ մարմինը կա՛մ պետք է հիշատակեր տեքստի մեջ, կամ ձեռնարկեր չեղյալ համարելու օրենսդրական գործընթաց։
Եթե մեկը պատկերացնում է 1990-ին, մեկ տարի առաջ ընդունված՝ որոշումը չեղարկելու հնարավորությունը, թող շարունակի պնդել, որ Հռչակագիրն ական է՝ դրված Հայաստանի հանրապետության տակ։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։