Ֆրանսիական «Էկրաններ հանուն խաղաղության» կազմակերպությունը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջնորդությամբ Շիրակի մարզում է:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ խաղաղության գաղափարով եւ էկրաններով «զինված» ֆրանսիացիների խումբը շրջում է հեռավոր, մեծ աշխարհից կտրված համայնքների կրթամշակութային կենտրոններում:
Կազմակերպությունը 2016 թվականից սկսած այնտեղ է, որտեղ պատերազմական կամ հետպատերազմայան դրություն է: Հստակ առաքելությամբ են շրջում. օգնել, աջակցել դեռահասներին եւ մանուկներին հաղթահարելու իրենց մանկությունն ու պատանությունը թունավորող չարիքի՝ պատերազմի հոգեբանական դառը հետեւանքները:
ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամի՝ ֆրանկոֆոնիայի զարգացման ծրագրի համակարգող Աննա Ունուպօղլյանը պատմում է, որ ութ տարի շարունակ «Էկրաններ հանուն խաղաղության» կազմակերպության կամավորների հետ համատեղ աշխատել են դպրոցների, վարժարանների, մշակութային օջախների սաների հետ:
Որ հայ-ֆրանսիական խաղաղության էկրանը մտնի նաեւ մանկապարտեզներ, չէին նախատեսել: Առաջարկն ստացել են 2023 թվականին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մանկապարտեզի տնօրենից: Սիրով ընդունել են ու նախադեպը ոչ միայն հաջողված, այլեւ խիստ անհրաժեշտ համարել:
Ջաջուռի մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն, այժմ Ախուրյան խոշորացված համայնքի կրթության գծով պատասխանատու Սոֆյա Հովհաննիսյանը ֆրանկոֆոն է: Ոչ միայն լեզվին, այլեւ Ֆրանսիայի սովորութամշակութային նրբություններին ծանոթ լինելը հիմք է հանդիսացել, որ կրկին համագործակցության առաջարկով կապ հաստատի ֆրանսիացի գործընկերների հետ:
«Մեծ աշխարհից մեկնած ընկերական ձեռքը սիրով ենք բռնում: Մեր երեխաներն այսօր, ինչպես երբեւէ, կարիք ունեն պատերազմի հետեւանքով ստացած բացասական, ագրեսիվ հույզերից ազատվելու: Առաջին հայացքից թվում է, թե 3-4 տարեկան երեխան չի բախվում պատերազմական խնդրին, բայց, ցավոք, միայն թվում է…»,-ասում է Սոֆյա Հովհաննիսյանը:
Ֆրանսիական, շվեյցարական կազմակերպությունների եւ Ախուրյանի համայնքապետարանի համագործակցությամբ «խաղաղության խումբը» սկսել է գործունեությունը համայնքի գյուղերի 14 մանկապարտեզներում:
Մեծ էկրանն առաջինը բացվել է Ախուրյան բնակավայրի «Շուշան» մանկապարտեզի սաների համար:
Կազմակերպիչներն ընտրում եւ ցուցադրում են բռնության ու անպատեհ տեսարաններից զերծ, առանց որեւէ լեզվով հնչող տեքստի, միջազգային ճանաչում ունեցող մուլտֆիլմեր կամ տեսանյութեր: Ասելիքը հստակ է. խաղաղ համակեցություն՝ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների միջեւ:
Դիտման ավարտին երեխաները նախ քննարկում, ապա թղթին են հանձնում իրենց տպավորությունը, ասել է թե՝ խաղաղություն են նկարում:
Էմիլի Գոտիեն այս տարվա ֆրանսիացի կամավորն է: Վերսալից է եկել: Մսնագիտությամբ մշակութաբան է, ինչն օգնում է ավելի լավ բացահայտելու հայաստանյան հարուստ մշակութային ժառանգությունը, նմանություններ գտնելու ֆրանսիականի հետ:
«Հայաստանի մասին մինչ այս գրեթե ոչինչ չգիտեի: Բացահայտել Հայաստանը ինձ համար նույնն է, թե բացահայտել հնագույն քաղաքակրթության մի հսկայական ժառանգություն,-ասում է Էմիլին եւ առանձնացնում հայկական հյուրասիրությունը,-զարմանալի հյուրնկալ եք՝ մեծից փոքր: Անգամ մանուկներն են մեզ առանձնահատուկ ընդունում իրենց մանկապարտեզներում»:
Նշենք, որ արտասահմանյան կազմակերպությունները բացի վերը նշվածից, ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում մեծ նախաձեռնություններով են հանդես գալու Հայաստանում:
Հանդիպումները, քննարկումները տարբեր կրթամշակութային կառույցներում, ֆրանսիական ֆիլմերի փառատոները, ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացները եւ այլ միջոցառումներն առջեւում են:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։