Երեւանի բուսաբանական այգին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտափորձարարական ստորաբաժանում է։ Այգին հիմնվել է 1935 թվականին, բուսաբանական այգիներ կան նաեւ Վանաձորում ու Սեւանում։ Վանաձորում բարենպաստ կլիմայական պայմաններ կան ասեղնատերեւավոր բույսերի համար, իսկ Սեւանում բարձրադիր գոտուն համապատասխան բույսեր են աճում։
«Երեւանի բուսաբանական այգին կիսաանապատային գոտում է հիմնվել։ Չգիտեմ՝ ինչու են այդպես որոշել։ Ցանկացած բույս, որ այգում տեսնում եք, տնկված է, քանի որ այս տարածքը բուսականությունից զուրկ է եղել։ Այգու տարածքում ոռոգման համակարգ անցկացնելու համար հողը մոտ 50 սանտիմետր փորում ենք, ու 30 սանտիմետրից արդեն տուֆային շերտ է»,- պատմում է բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը։
Այգում կան Կովկասի, Արեւելյան Ասիայի, Եվրոսիբիրի ու Հյուսիսային Ամերիկայի ֆլորաների էքսպոզիցիոն հողամասեր։ Կա նաեւ «Հայաստանի ֆլորա եւ բուսականություն» էքսպոզիցիոն հողամասը, որտեղ հետազոտվում ու պահպանվում են Հայաստանի բուսական աշխարհի հազվագյուտ ու անհետացող, ՀՀ Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ (միայն Հայաստանում հայտնաբերված) ու ռելիկտ (մնացուկ) բուսատեսակների գենոֆոնդերը։ Հայաստանի ֆլորան ներկայացված է 3800 բուսատեսակով, որոնցից 144-ը էնդեմիկ է, 452-ը գրանցված է Կարմիր գրքում։
15 տարի առաջ այգու ֆինանսավորման կրճատման պատճառով բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել։ «Այգու առաջնահերթ խնդիրը ոռոգման ցանցի նորոգումն է։ Ոռոգման ջուր մեզ տալիս են հունիսի կեսից, իսկ մայիսի կեսից հունիսի կեսն ընկած ժամանակահատվածում, օրինակ, տնկարանը, նոր տնկած ծաղկային օջախները, վարդանոցը չորանում են, խմելու ջրով ենք ջրում։ Շուտով Միքայել եւ Կարեն Վարդանյանների ֆինանսավորած ոռոգման համակարգը պատրաստ կլինի, այդ ամենն արդեն խորքային պոմպի միջոցով կջրվի»,-ասում է Անահիտ Ղուկասյանը։
Այգու մյուս խնդիրը չորացած ծառերի հեռացումն է․ 50-60 տարեկան բարձր ծառերը հեռացնելու սարքավորումներ չկան, դրանք մաս-մաս պիտի կտրեն ու հեռացնեն։ «Այգում շատ կարեւոր է նաեւ խոտի հունձքը, որպեսզի հանկարծ հրդեհ չլինի: 2019-ին այդպիսի մի դեպք եղել էր, 8 հրշեջ մեքենա մի քանի ժամում հազիվ էին հրդեհը հանգցրել։ Խնդիրն այն է, որ եթե առաջ այգին 100 այգեգործ ուներ, հիմա նրանք տասն են։ Եվս 10 սեզոնային այգեգործ էլ ունենք, որոնց պահում ենք 300 դրամանոց տոմսերի վաճառքի հաշվին։
Քանի որ վերջին տարիներին այգին գնալով զարգանում է, մեզ պետք է ոչ թե 1 ջրող, այլ 4-5, հնձվորներ են պետք, նաեւ հնձիչներ ենք գնել։ Ընդամենը մի հոգի ունենք, որ այգին մաքրում է, պահակներն էլ են քիչ։ Էլեկտրաէներգիայի ծախսերն էլ են շատացել, քանի որ նախկինում բաժիններ կային, որոնք չէին ջեռուցվում։ Մտածում ենք արեւային կայան տեղադրել։ Տնկարկների ավելացմանը զուգահեռ ջրի ծախսն էլ է շատանում։ Մի խոսքով՝ այգու ֆինանսավորման մեծ մասն ինստիտուտն է իրականացնում․ այն գումարը, որը պետք է ուղղվեր ինստիտուտի զարգացմանը, այգու զարգացմանն է ուղղվում»,- ասում է բուսաբանության ինստիտուտի տնօրենը։
Երեւանի բուսաբանական այգին այցելուների համար նաեւ կրթական միջավայր է․ էքսկուրսավարներ կան, որոնք կարող են ներկայացնել այգու կենդանի հավաքածուները, ջերմոցային, արեւադարձային ու մերձարեւադարձային հավաքածուները։ 2020 թվականին «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) ու «Գերմանական համագործակցության» (GIZ) ֆինանսավորմամբ վերակառուցվել է այգու էկոկրթական կենտրոնը, որը հնարավորություն է տալիս ամառային դպրոցներ կազմակերպելու, գիտաճանաչողական դասընթացներ իրականացնել։
Տիկին Ղուկասյանն ասում է՝ կլոր ջերմոցում էլ հավաքածու կա, կես ժամում կարելի է ծանոթանալ Հայաստանի բուսականությանը՝ կիսաանապատային, ալպյան, վերին ալպյան, անտառային, Սեւանի ավազանի եւ այլն։ Կարմիր գրքում ընդգրկված 60 տեսակ էլ այնտեղ է ցուցադրվում։
Երեւանի բուսաբանական այգում նաեւ գիտական ուսումնասիրություններ են կատարվում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի որոշ ֆակուլտետների ուսանողներ իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են հենց այս այգում։
Այցելուների համար գործում է բաժանորդագրման համակարգ, մեկ ամսվա վճարը 2000 դրամ է, թոշակառուների համար՝ 1000 դրամ։ «Մարդիկ բողոքում էին, որ Ծարավ աղբյուրի կողմից մուտք չկա, այնտեղից էլ բացեցինք, այցելուները շատացան։ Տեսանք, որ մարդիկ կան, որ ամեն օր գալիս են այգի, օրինակ, վազելու։ Այդպես ստեղծեցինք բաժանորդագրման համակարգը»,- պատմում է Անահիտ Ղուկասյանը։
Բուսաբանության ինստիտուտի տնօրենը հույս է հայտնում, որ կկարողանան իրագործել այգու բարեկարգմանն ու զարգացմանն ուղղված իրենց բոլոր ծրագրերը, որպեսզի բավարարեն բոլոր այցելուների ակնկալիքները։