Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ երկու իսրայելցի պատանդներ՝ 60-ամյա Ֆերնանդո Սիմոն Մարմանը եւ 70-ամյա Լուի Հարը, ազատ են արձակվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իրականացված հատուկ գործողության ընթացքում։
Զինվորականների տվյալներով՝ նրանք առեւանգվել էին ՀԱՄԱՍ-ի անդամների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Կիբուց Նիր Իցխակից։
Նշվում է, որ ազատ արձակված երկու նախկին պատանդներն էլ այժմ «լավ վիճակում» են եւ տեղափոխվել են բուժզննման «Շիբա Թել Հաշոմեր» հիվանդանոց։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ռիչարդ Հեխտը հայտարարել է, որ տեղի ունեցածը «շատ բարդ գործողություն էր», որի վրա Իսրայելը «աշխատել էր երկար ժամանակ» եւ սպասում էր «ճիշտ պայմանների»: Նրա խոսքով՝ պատանդները պահվել էին շենքի երկրորդ հարկում, որտեղ զինվորականներին հաջողվել է ներթափանցել միայն պայթուցիկների կիրառմամբ։
Փետրվարի 12-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը նաեւ հայտարարել է, որ մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում տեղակայված ՀԱՄԱՍ-ի թիրախներին։ Reuters-ը պարզաբանում է, որ հարվածները հասցվել են Ռաֆահին։ Ականատեսները գործակալությանը պատմել են, որ ավիահարվածները քաղաքում խուճապ են առաջացրել։
Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով՝ Ռաֆահի վրա իսրայելական օդային հարվածների հետեւանքով զոհվել է 60 մարդ: