Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինան չպետք է ընդգրկվի ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի կազմ, եւ որ Կիեւին որոշակի անվտանգության երաշխիքներ տրամադրելով, պետք է թողնել որպես «բուֆերային գոտի» Ռուսաստանի եւ մնացած Եվրոպայի միջեւ։
Այս մասին Հունգարիայի վարչապետը հայտարարել է Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում, որը անցկացվել է European Voices մեդիա նախագծի շրջանակներում։
Օրբանի գնահատմամբ «բուֆերային գոտու» տարբերակը ներկա աշխարհաքաղաքական իրողության պայմաններում ամենատեղինն է, քանի որ Մոսկվան երբեք չի համակերպվի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Կիեւի անդամակցության հետ։
«Անկախ նրանից, թե մեզ դա դուր է գալիս թե ոչ, անկախ նրանից թե դա դուր է գալիս ուկրաինացիներին թե ոչ, Ուկրաինան քարտեզի վրա այն տեղում է, որտեղ կա։ Լավագույն հեռանկարն այն է, որ այն լինի բուֆերային գոտի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, իհարկե, անվտանգության երաշխիքներով: Եթե դա չօգնի, Ուկրաինան տարածքներ կկորցնի։ Ռուսաստանը նորից ու նորից կավերի Ուկրաինան։ Ռուսաստանը երբեք չի ընդունի իր սահմաններին Ուկրաինայի նման ԵՄ եւ ՆԱՏՕ անդամի հայտնվելը, երբեք»,-ասել է Օրբանը։
Միեւնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետը կարծում է, որ 2008 թվականին իսկապես հնարավոր էր Ուկրաինային եւ Վրաստանին ընդունել ԵՄ եւ ՆԱՏՕ, սակայն այդ հնարավորությունը բաց է թողնվել, եւ դրա հետ մեկտեղ՝ «Ուկրաինայի ապագա անդամակցությունը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին»:
Ի պատասխան Շյուսելի այն դիտարկմանը, որ ներկա փուլում զինադադարը փաստացիորեն կնշանակի Ուկրաինայի պարտություն, Օրբանը նշել է, որ նման գնահատականը կարող է կախված լինել «ապագայի դիտարկումից», քանի որ այժմ ընթանում է պատերազմի թեժ փուլը, իսկ դրա շարունակություն դեպքում Ուկրաինան կարող է կորցնել ավելի շատ տարածքներ։