Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածած հայտարարության տեքստում։
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Այսօր Ադրբեջանի Կուբաթլուի շրջանի ռազմական դատախազությունը հայտնել էր, որ իբր Կապանի շրջանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից կրակ է արձակվել ադրբեջանական կողմի ուղղությամբ, որի արդյուքնում վիրավորվել էր սահմանապահ ծառայության մեկ աշխատակից։