Երեկ երեկոյան ՀԱՄԱՍ շարժումը Կահիրեի միջնորդությամբ համաձայնել է զինադադարին: 19:00-ին Իսրայելի անվտանգության կաբինետը հավանություն է տվել Եգիպտոսի ակտիվ միջնորդությամբ Գազայում կրակի դադարեցման պայմանավորվածությանը:
Հրադադարն ուժի մեջ է մտել Իսրայելի ժամանակով գիշերը ժամը 02:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին):
Ըստ «Անադոլու» գործակալության՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունը:
ՄԱԿ-ի հետ համահունչ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարաել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ եւ շնորհակալություն հայտնել նրան՝ հրադադարի ռեժիմ հաստատելու որոշման համար:
Բայդենը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կհամագործակցի ՄԱԿ-ի հետ՝ Գազայի հատվածի բնակիչներին անհապաղ մարդասիրական օգնություն հասցնելու գործում:
Չմոռանալ արյունահեղության 11 օրը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը գոհունակություն է հայտնել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադար հաստատելու համաձայնություն ձեռք բերելու առիթով եւ կոչ արել պահպանելու այն ու չմոռանալու Միջին Արեւելքում ծայր առած արյունահեղության 11 օրը:
Անդրադառնալով Եգիպտոսի եւ Քաթարի՝ հրադադար ապահովելու ջանքերին՝ Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել ՄԱԿ-ի հետ միահամուռ գործելու՝ ժողովրդի աջակցության եւ պաղեստինյան ինստիտուտների վերականգնման համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին հորդորել է տարածաշրջանային եւ միջազգային խաղացողների, այդ թվում՝ «Միջինարեւելյան քառյակի» (ՄԱԿ, ԱՄՆ, ԵՄ եւ ՌԴ) հետ վերադառնալ բանակցությունների սեղանին՝ հանուն տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղության եւ կայունության:
Միայն քաղաքական հանգուցալուծում
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ հրադադարի ռեժիմը ողջունել է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյանենը:
«Երկու կողմերին էլ հորդորում եմ ամրապնդել հրադադարի ռեժիմն ու երկարաժամկետ հեռանկարով կայունացնել իրադրությունը: Միայն քաղաքական հանգուցալուծումն է ի զորու ապահովելու հաստատուն խաղաղություն եւ անվտանգություն բոլորի համար»,- Թվիթերի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Դիմելու են Միջազգային քրեական դատարան
Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեն ողջունել է հրադադարի շուրջը ձեռք բերված համաձայնությունը, երախտագիտություն հայտնել Եգիպտոսի գլխավորած միջազգային միջնորդներին՝ Իսրայելի եւ Գազայի արմատական շարժումների միջեւ զինադադարի հաստատման ջանքերի համար:
Միեւնույն ժամանակ Պաղեստինի վարչապետը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Պաղեստինի իշխանությունները դիմելու են Միջազգային քրեական դատարան՝ պաղեստինցիների դեմ Գազայի հատվածում Իսրայելի կատարած հանցագործությունների հետաքննություն սկսելու համար:
Հրադադարը շփոթել են «հաղթանակի» հետ
Ըստ պաղեստինյան Saut Al-Aqsa ռադիոկայանի՝ Իսրայելի եւ ափամերձ միջատարածքի արմատական խմբավորումների միջեւ զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո Գազայի հատվածում հարյուրավոր պաղեստինցիներ են դուրս եկել քաղաքների փողոցները:
Սկսվել են զանգվածային երթեր եւ ավտովազքեր Պաղեստինի դրոշներով՝ մայիսի 10-ից իսրայելական բանակի հետ ծայր առած դիմակայությունում «հաղթանակը» տոնելու համար:
Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխնախագահ Խալիլ ալ Հայան, դիմելով երթի մասնակից պաղեստինցիներին, հսյտարարել է, որ հրադադարը իրենց ընդհանուր հաղթանակն է, իրենց ընդհանուր ջանքերի արդյունքը, եւ որ իրենք կվերակառուցեն ավերված շենքերը:
Խոստանում են ճոճել «Երուսաղեմի սուր»-ը
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին հայտարարել էր, որ պաղեստինցիները պատրաստ են տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ցանկացած շրջադարձի:
Զուհրին նշել էր, որ «Սեյֆ ալ Քուդս» («Երուսաղեմի սուր») անունը ստացած ճակատամարտը մարտերից սոսկ մեկն է Երուսաղեմի եւ Ալ Աքսա մզկիթի ազատագրման ճանապարհին:
11 օրում՝ 260 զոհ
Գազայում գործող խմբավորումների եւ իսրայելական բանակի միջեւ հրթիռակոծումները սկսվել էին մայիսի10-ից՝ Արեւելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում արաբ ընտանիքներով բնակեցված տների բռնագրավման մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով Ալ Աքսա մզկիթի մոտ ծագած անկարգություններից հետո:
11 օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի արմատականները հրեական պետության տարածք են արձակել ավելի քան 4 հազար հրթիռ, ի պատասխան իսրայելցի զինվորականները ռմբակոծել են Գազայի հարյուրավոր թիրախներ:
Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Գազայում զոհվել է 232 պաղեստինցի, վիրավորվել՝ 1900-ը: Իսրայելական կողմից զոհվել է առնվազն 12 մարդ: