Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում պաշտոնապես հաստատել է փետրվարի 14-ի առավոտյան Սեւ ծովում ռուսական «Ցեզար Կունիկով» (Цезарь Куников) խոշոր դեսանտային նավի վրա հարձակումը։
Զինվորականները պնդում են, որ նավը, որը հարձակման պահին գտնվել է Ուկրաինայի տարածքային ջրերում՝ բռնակցված Ղրիմի Ալուպկայի մոտ, ոչնչացվել է։
Գլխավոր շտաբի հայտարարությունից փոքր ինչ ուշ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունն էլ հրապարակել է իրականացված գործողության կադրերը։
Ուկրաինական հետախուզությունը նշում է, որ «Ցեզար Կունիկովը» կարող է տեղավորել մինչեւ 87 հոգանոց անձնակազմ։ Ընդգծվում է, որ նավի խոցմանը հաջորդած «զավթիչների որոնողափրկարարական գործողությունը նույնպես հաջող չի անցել»: