Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 14-ին ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի ներկա դրությունը եւ դրա հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ վերջին իրադարձությունները։
Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության տեքստում փետրվարի 13-ին տեղի ունեցած սահմանային միջադեպի ողջ պատասխանատվությունը բարդելով հայկական կողմի վրա նշվում է․ «Հայաստանի վերջին ռազմական սադրանքները, որոնց արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, նպատակ ունեն խաթարել վերջին ամիսներին ձեւավորված կայունությունը եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։