Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարներ Ստեֆան Սեժուրնեն, Աննալենա Բերբոկը եւ Ռադոսլավ Սիկորսկին փետրվարի 12-ին ֆրանսիական Լա Սել Սեն Կլուդում կայացած «Վայմարյան եռանկյունու» հանդիպման արդյուքնում ընդունած համատեղ հայտարարության տեքստում աջակցություն են հայտնել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ջանքերին՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք կոչ ենք անում արդար եւ կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում եւ աջակցում ենք Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը»,-ասվում է համատեղ հայտարարության տեքստի «Խաղաղություն եւ անվտանգություն» բաժնում։