Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Եգիպտոսը պատրաստ են համագործակցել՝ «Գազայում ընթացող արյունահեղությունը դադարեցնելու համար»։ Այս մասին նա հայտարարել է փետրվարի 14-ին Կահիրեում՝ Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսիի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամաուլի ասուլիսի ժամանակ։
Էրդողանը ընդգծել է, որ Գազայի հարցը եղել է իր եւ Ալ-Սիսիի բանակցությունների հիմնական մասը։ Նրա խոսքով Անկարան եւ Կահիրեն պատրաստակամ են իրենց վրա վերցնել Գազայի հետպատերազմյան վերականգման հարցը։
«Ավելի քան 28,000 պաղեստինցի եղբայրներ եւ քույրեր, հիմնականում երեխաներ եւ կանայք, սպանվել են, մոտ 70,000 անմեղ պաղեստինցիներ վիրավորվել են Իսրայելի հարձակումների հետեւանքով։ Ռմբակոծվել են մզկիթները, եկեղեցիները, հիվանդանոցները, դպրոցները, ՄԱԿ-ի շենքերը, որոնց չի կարելի դիպչել անգամ պատերազմի ժամանակ։ Նեթանյահուի վարչակազմը անխոհեմ կերպով շարունակում է օկուպացիայի, ավերածությունների եւ զանգվածային սպանությունների իր քաղաքականությունը՝ չնայած բոլոր արձագանքներին»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան Գազա շուրջ 34 տոննա հումանիտար աջակցություն է ուղարկել։
Էրդողանը նաեւ անընդունելի է համարել Գազայից պաղեստինցիների տեղահանման Իսրայելի փորձերը՝ նշելով, որ դա «անընդունելի է»։
«Գազայի ապամարդկայնացումը ցանկացած ձեւով անընդունելի է։ Մենք գնահատում եւ սատարում ենք Եգիպտոսի ամուր եւ վճռական դիրքորոշումն այս հարցում»,-ասել է Թուրքիայի ղեկավարը եւ ավելացրել, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուի վարչակազմը պետք է ձեռնպահ մնա Եգիպտոսի հետ սահմանակից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքը գրոհելու մտքից, քանի որ այնտեղ պատսպարվել է շուրջ 1․5 մլն փախստական։
Թուրքիայի նախագահի խոսքերով բանակցությունների մյուս առանցքային կողմը եղել է պաշտպանական արդյունաբերությունը։
«Պաշտպանական արդյունաբերությունը եւս մեկ ոլորտ է, որտեղ մենք շատ լուրջ ներուժ ունենք։ Եգիպտոսը զգալի ներդրումներ է կատարում պաշտպանության ոլորտում։ Ես հավատում եմ, որ մենք կմիավորենք ուժերը Եգիպտոսի հետ եւ համատեղ նախագծեր կմշակենք»,-նշել է Էրդողանը