ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 20-ին նախարարությունը կազմակերպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
ԶՈՒ պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը եւ զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող եւ ճշգրտող հարցերին:
Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սեւ լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական եւ ադրբեջանական ուժերի տեղակայումը: