Ադրբեջանը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեսպանատուն կբացի։ Այս մասին X-ի գրառման մեջ հայտնում է «Թալիբան» շարժման կառավարության ԱԳ նախարարության ներկայացուցիչ Աբդուլ Քահար Բալախին։
«Աֆղանստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպան, պարոն Իլհամ Մամեդովը արարողակարգային այց է կատարել Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտգործնախարար Մալավի Ամիր Խան Մութթաքիին՝ ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական գրությունը Քաբուլում իրենց դեսպանության բացման վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ։
Քաբուլի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հրամանագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել էր դեռ 2021 թվականի հունվարի 13-ին, այսինքն, այն ժամանակ, երբ դեռ «Թալիբան» շարժումը երկրում չէր հաստատել իր լիակատար իշխանությունը։ Նույն տարվա հուլիսին Աֆղանստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվել էր նույն Իլհամ Մամեդովը։
Աֆղանստանում դեսպանատուն բացելու մտադրությունների մասին նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։