2022-ին Լոռու մարզի Դսեղ եւ Չկալով գյուղերը համայնքների նոր խոշորացման արդյունքում միացան Թումանյանին։ Հայաստանի վարչատարածքային նոր բաժանումը, ինչպես նախկինում, գյուղերի համաչափ զարգացում էր խոստանում։
165 բնակիչ ունեցող Չկալովում «զարգացումներ» եղել են՝ տուֆով փողոց է սալարկվել, գիշերային լուսավորության համակարգ կառուցվել, կապույտ վառելիքը գյուղ է մտել։ Բայց բնակավայրի բարեկարգմանը զուգահեռ գյուղը դատարկվել է:
Եթե աշխատանք չկա, նորոգված ճանապարհն ու լուսատուները չեն կարող երիտասարդներին գյուղում պահել։ Չկալովի վարչական ղեկավար Կորյուն Մխիթարյանը փաստում է՝ գյուղի երիտասարդ տղաները խուսափում են ընտանիք կազմելուց, իսկ ամուսնանալու դեպքում տեղափոխվում են Վանաձոր կամ Երեւան։
Չկալովում անասնապահությունից բացի այլ զբաղմունք չկա։ Իսկ անասուն պահելը այստեղ վաղուց եկամտաբեր չեն համարում։
«Մենակ անասուն պահելով՝ մարդիկ չեն կարողանում ապրել։ Խոչընդոտող բաներ շատ կան։ Կառավարությունը սպանդանոցային մորթի օրենքն է ուժի մեջ մտցրել, բայց գյուղացիները հնարավորություն չունեն էդ օրենքով շարժվելու։ Էն ժամանակ մարդը կարողանում էր իրա խոզը մորթի, տանի Վանաձոր, հանձնի։ Հիմա, որ տանում, սպանդանոցում մորթում ա, 30 հազարի տարբերություն ա տալիս։ Մարդիկ էլ տեսնում են՝ ձեռք չի տալիս, թողնում են»,- ասում է գյուղի վարչական ներկայացուցիչը։
Չկալովին հարակից որեւէ բնակավայրում սպանդանոց չկա։ Տարածաշրջանում ամենամոտը Օձունինն է՝ մոտ 35 կիլոմետր։ Հաջորդ կետը Վանաձորն է, որը նույնպես հեռու, հետեւաբար նաեւ ձեռնտու չէ գյուղացուն՝ եկամտաբերության առումով։
«Մենք չենք հրաժարվում անասունը տեղափոխելուց, բայց տրանսպորտն էլ ա խնդիր գյուղում։ Մեքենա ունեցողը հո չի՞ կարա իր մեքենայով ամբողջ գյուղի անասունը տեղափոխի։ Գյուղացին, եթե անասունը պետք ա տեղափոխի Վանաձոր, 10 հազար ինչ-որ ավտոյի պետք ա տա, 5 հազար՝ մորթողի, 3 հազար էլ պետք ա տա, որ մորթողի մոտ հասցնեն։ Օգուտը, որ պետք ա իրանց մնա, տալիս են պետությանը։ Դրա համար գերադասում են գնան Վանաձոր, շինարարություն անեն, քան իրանց տան դռանը անասուն պահեն»,- նշում է Կորյուն Մխիթարյանը։
Պետության կողմից կենդանիների բակային մորթի արգելքը անասնապահությանը խանգարող միակ խնդիրը չէ Չկալովում։ Խոտի բավարար քանակ չեն կարողանում ապահովել՝ գյուղտեխնիկայի բացակայության պատճառով։ Վարչական ղեկավարի խոսքով՝ խոտհնձի սեզոնին գյուղում մեկ-երկու տրակտոր է աշխատում։ Այսինքն, խոտհարքներ կան, բայց անասնատերերը ձմռան համար խոտ ամբարել չեն հասցնում։
Չկալովում բարդ է նաեւ կաթնամթերքի իրացման գործը։ Կաթի վերամշակման արտադրամաս ունեն, որն ընդհատումներով է աշխատում։ Եթե արտադրամասի տերը կարողանում է վաճառել սեփական արտադրանքը, այդ ժամանակ է միայն գյուղացուց կաթ ընդունում։ Եթե բավարար վաճառք չունի, գյուղացին կովը կթում, կաթնամթերք է պատրաստում եւ գնորդ փնտրում Վանաձորում։
«Տանում են, օրինակ, թաղերում, բակերում վաճառում։ Շուկայում էդպիսի մարդիկ չկան, որ գյուղացու հինգ օրվա աշխատանքը միանգամից ընդունեն, ու գյուղացին էլ իր աշխատանքի գումարը միանգամից ստանա։ Ծանոթ-բարեկամների միջոցով վաճառում են, գումարն էլ հազարով, հինգ հազարով վերցնում, բան չեն հասկանում իերնց եկամուտից»,- պարզաբանում է Չկալովի վարչական ղեկավար Կորյուն Մխիթարյանը։
Բացառապես անասնապահությամբ ապրող Չկալովի մարդիկ աշխատանք են ուզում։ Բայց գյուղում նման հեռանկարներ չկան։ 2024-ի համար համայնքապետարանը կրկին բնակավայրի բարեկարգում է խոստանում։ Եվս 25 լուսատուների տեղադրումով համայնքի գիշերային լուսավորության հարցն ամբողջովին լուծված կհամարեն։ Ապա գազը թաղամասեր, հետո էլ տներ կհասցնեն։ Մինչեւ տարեվերջ Չկալովում մոտ 25 ընտանիք գազ կունենա։ Վաղվանից էլ կսկսեն գյուղի գլխավոր ճանապարհը խճապատել։
Թումանյանի համայնքապետի տեղակալ Ռոման Շաքարյանն ասում է՝ Չկալովում արտադրությանը, տուրիզմին եւ ընդհանրապես գյուղը այլ ուղղությամբ «առաջ տանելու» ծրագրեր չեն սպասվում։
«Նախկինում պայմանավորվածություն ենք ունեցել Վանաձորում գործող կարի արտադրամասի հետ, նույնիսկ առաջարկեցին, որ Դսեղից, Չկալովից տրանսպորտ տրամադրվի, համայնքն էլ իր միջոցների հաշվին մի փոքր օգնի, կանայք գնան, աշխատեն։ Բայց արձագանք, ոգեւորություն չկար ժողովրդի կողմից։ Դե իրենց ցանկությունն է։ Գյուղը հիմնականում անասնապահության վրա է հիմնված։ Տուրիզմի զարգացման հետ կապված գայթակղիչ որեւէ բան չունենք, որ կարողանանք ինչ-որ կերպ տուրիստին գյուղ բերենք»,- ասում է համայնքի ներկայացուցիչը։
Վերջին տարիներին ներդրողների համար չափազանց գայթակղիչ դարձած Դսեղից ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չկալովը հյուրեր չի ունենում։ Այստեղից միայն հեռանում են։ Նախորդ տարեվերջին էլ գյուղի փոքրաթիվ ընտանիքներից մեկը խոշոր եղջերավորների գլխաքանակն է վաճառել ու հեռացել գյուղից։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։