Ըստ իսրայելական Kan հեռուստառադիոկորպորացիայի՝ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի շուրջը համաձայնության առնչությամբ կարգադրել են վերացնել Գազայի հատվածի պարագծով ավտոճանապարհների երթեւեկության սահմանափակումները:
Kan-ի տվյալներով՝ առավոտվանից Գազայի հատվածի սահմանին հարող բնակավայրերի միջեւ ավտոմայրուղիները բացվում են երկու կողմի երթեւեկության համար: Ոստիկանությունն արգելել էր այդ մայուղիներով երթեւեկությունը, քանի որ Գազայից արմատականները կարող էին գնդակոծել ընթացող ավտոմեքենաները կառավարվող հակատանկային արկերով:
Ըստ իսրայելական The Jerusalem Post պարբերականի՝ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Խիդայ Զիլբերմանը նշել է, որ գիշերվա ժամը երկուսից, երբ ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, Իսրայելի վրա հրթիռ չի արձակվել:
Գեներալն ասել է, որ բանակը մոտ ժամանակներս կվերլուծի իրավիճակն ու կորոշի, թե արդյոք անհրաժեշտ է վերացնել հրթիռակոծումների պատճառով երկրում մտցված սահմանափակումները: Նա նաեւ նշել է, որ Գազայի սահմանին տեղակայված բանակային ստորաբաժանումների մեծ մասը առայժմ չի հեռանա: