2013 թվականի փետրվարի 15-ին Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր կողմնակիցներին բառացիորեն ասում է՝ իմ հույսը դուք եք: «Իմ պայքարը հանուն ձեզ համար է»,-ասում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետն ավարտած Սերժ Սարգսյանը:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Երկրապահների համագումարից անմիջապես հետո հայտարարում է, որ Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ երկրապահ են եղել. «Հո, ծնված օրվանից նախագահ չեն եղել»։
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան առճակատման ֆոնին ընդդիմադիր Եռյակի առաջնորդները որոշում են «շտապ հանրահավաք» անցկացնել: «Եռյակը հանրահավաքային ալիք պետք է սկսի՝ անհապաղ իշխանափոխության հասնելու համար»,-հայտարարում է ԲՀԿ-ն:
Նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը դեմ է, որ ընդդիմությունը քննադատի իր երբեմնի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանի թեկնածու Արման Թաթոյանին: «Քանի կար՝ հասարակությունն ինձ ընդունում էր որպես նորմալ ՀԿ գործիչ, հենց նշանակեցին Մարդու իրավունքների պաշտպան, առավոտյան իմացա, որ ես Ղարաբաղի կլանի անդամ եմ: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չէ, որ ինձ առաջարկել է որպես ՄԻՊ, այլ հայաստանցի է առաջարկել՝ Անդրանիկ Մարգարյանը: Ես դեմ եմ, որ նոր պաշտոն ստացող մարդուն սկսեն քննադատել»,-ասում է տիկին Ալավերդյանը:
Դաշնակցությանը չի վախեցնում, որ ինքը ԱԺ ընտրություններից առաջ կոալիցիայի մեջ է ՀՀԿ-ի հետ: Ըստ Աղվան Վարդանյանի, դա հազիվ թե ընտրողներին հետ պահի ՀՅԴ-ի օգտին քվեարկելուց: «Կլինե՞ն մարդիկ, որոնք կասեն՝ վայ, Դաշնակցությունն իշխանություն է, ուրեմն վատ է, կլինեն, իհարկե, կլինեն»,-չի բացառում պարոն Վարդանյանը:
Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետի թեկնածու Արմեն Սարգսյանը չի հասկանում, թե ինչու են շարքային քաղաքացիները դեմ իր թեկնածությանը՝ միայն Սերժ սարգսյանի պատճառո՞վ: «Ինձ համար պատիվ է, որ հանրապետության նախագահն առաջարկել է իմ թեկնածությունը քննարկել»,-թեման փակում է Արմեն Սարգսյանը:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը սխալ է համարում Հայաստանի երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։ «Մարդը, որն ինքնակամ մի քանի անգամ ներկայացել է քրեադատավարական այդ բոլոր գործողություններին, այդպիսի վերաբերմունքի արժանի չէ»,-ասում է Օհանյանը:
Գերմանիայի Մյունխեն քաղաքում Անվտանգության համաժողովի շրջանակում նախատեսված Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման բանախոսները Փաշինյանն ու Ալիեւն են: «Նախագահ Ալիեւը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, եւ դա շատ տարօրինակ փաստ է: Ինչպե՞ս է հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ չխոսելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»,-դժգոհում է Փաշինյանը: Ալիեւի պատասխանը կարճ է. «Միջազգային հանրությունը առաջինը պետք է բացատրի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է եւ երկրորդը՝ լուրջ ճնշում գործադրի ագրեսորի նկատմամբ»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստահարցազրույցում արդարանում է, որ ինքը 2018-ի ապրիլին իշխանությունը Փաշինյանին չի հանձնել, ինչպես աջ ու ձախ ասում են. «Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ… Իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին»:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարում է, որ Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա, շատերն արդեն սկսել են ինքնաբացահայտվել: «Եթե Բարձրագույն դատական խորհուրդը լինի իր բարձունքի վրա, ապա ես ձեզ խոստանում եմ, մեկ տարվա ընթացքում վեթինգը Հայաստանում կվերջանա եւ կլինի էնպիսի դատական համակարգ, ինչպիսին դուք ուզում եք»,-լրագրողին հավատացնում է Անդրեասյանը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը մեկ նախադասությամբ վերջապես լույս է սփռում այն հարցի վրա, թե ի՞նչ հարաբերությունների մեջ են եկեղեցին եւ իշխանությունը: «Մայր Աթոռն ու իշխանությունները տարակարծություններ ունեն»,-ասում է կաթողիկոսը՝ առանց որեւէ մանրամասնի:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: