ՀՀ վարչապետը, նրա թիմակիցները, ԱԺ փոխնախագահն ու պատգամավորների անթիվ հորդաներ մեզ համոզում են թե՛ սահմանադրության, գերբի, զինանշանի, անկախության հռչակագրի՝ սահմանադրությունից դուրս հանելու թեմաները միայն ու միայն ներքին օրակարգ են։
Նրանք ասում են որ այդ բոլոր փոփոխությունները կերաշխավորեն Հայաստանին չլինել «լեգիտիմ թիրախ» եւ, ըստ այդմ, խուսափել նոր պատերազմից։ Սակայն, Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն ու անվերջանալի «հրամանները», հրաժարվելու սահմանադրության ու հարակից օրենքներով իրենց հանդեպ տարածքային պահանջներից, հակառակի մասին են խոսում։
Դրան էլ կարելի է գումարել նախորդ տարի Ալիեւի ելույթը Շուշիում, որտեղ վերջինս կասկածի տակ էր դնում Հայաստանի խաղաղասիրական ձգտումներն ու վերահաստատում իր կասկածը «հայկական ռեւանշիզմի» առնչությամբ։
«Մենք բազմաթիվ խաղաղության պայմանագրեր գիտենք, որոնք չեղարկվել են, եւ գիտենք երկրներ, որոնք ապրել են առանց պայմանագրի։ Սա տարբերակներից մեկն է։ Մենք հիմա կարիք ունենք ուղիղ, հաստատված երաշխիքների, որ ռեւանշիզմ չի լինի։ Մենք երաշխիքների կարիք ունենք, որ նոր պատերազմ չի լինի, որ Հայաստանը ամբողջությամբ ընդունում է գործող իրավիճակը։ Նրանք պետք է մոռանան Ղարաբաղի մասին եւ կառուցողական լինեն սահմանազատման եւ սահմանագծման հարցերում»,- հայտարարել էր Ալիեւը։
Դեռեւս 2022 թվականին, երբ Փաշինյանը խոսում էր Արցախի արցում նշաձողի իջեցման մասին, իշխանությունը արդեն իսկ շարժվում էր Թումանյանի «Չարի վերջը» առակի կկվի տրամաբանությամբ, որը մենք կկոչենք «Կկու տակտիկա»։ Զիջել քայլ առ քայլ ձագերիդ, մեր դեպքում Արցախի մասին խոսելու իրավունքը, ապա նաեւ արցախցիների իրավունքը, ապա նաեւ սահմանադրության փոփոխության պահանջին ենթարկվել, ապա նաեւ գերբը, զինանշանը, օրենքներն ու այդպես շարունակ։ Բայց դրա դիմաց ստանալ ոչինչ, ստանալ նոր էսկալացիա, նոր զոհեր, Արեւմուտքի ու ԵՄ հավաստիացումներ, որ լայնամասշտաբ պատերազմ թույլ չեն տա։
Զուգահեռ կկու տակտիկան էլ ավելի անհնարին է դարձնում խաղաղության հավանականությունը, որովհետեւ Ադրբեջանը ֆիքսել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կարող է ու պատրաստ է զիջել բոլոր հնարավոր ուղղություններով եւ բոլոր հավանական ու անհավանական թեմաներով՝ ուրանալով սեփական պատմությունը, սեփական ազգային շարժումը եւ նույնիսկ սեփական քաղաքացիներին։
Ուրանալ, սակայն ոչ թե այն պատճառով, որ «թուրք» է, «թուրք-ադրբեջանական» դավադրության արգասիքն է եւ նման զառանցական կամ ռուսական քարոզչական կլիշեներ, որոնք արդարացնում են ՌԴ անգործությունը, այլ որովհետեւ վախեցած է։
Իսկ վախն էլ՝ իր հերթին, կասեցրել է ուղեղի աշխատանքն ու վերացրել սթափության վերջին նշույլները։ Իշխանությունը վախեցած է նոր պատերազմից, նոր կորուստներից, դրա հետեւանքով իր իշխանության հնարավոր կորստից, Սյունիքի մի մասի հնարավոր օկուպացիայից, վախեցած է անկլավների բռնակցումից ու նորանոր ագրեսիաներից։
Դրա համար էլ վախի ու անզորության համատեքստում ընտրվել է պատմությունից ու սեփական քաղաքական անցյալից ավանդած «տատիկի ու նրա կարմիր շորի» դենացիֆիկացիան, կամավոր ըստ որում, որքան որ մեզ համոզում են իշխանության ներկայացուցիչները, մերձսնուցվողներն ու եթերագլուխ փորձագետերը։
Ընտրվել է հասարակությանը ստոկհոլմյան սինդրոմ ներշնչելը։ Այն է, որ մենք ԼԵԳԻՏԻՄ ԹԻՐԱԽ ենք ու, դեմ քվեարկելով սահմանդրության փոփոխությանը՝ ՀՀ քաղաքացին ակամա կողմ է քվեարկելու նոր պատերազմին։ Եվ դա այն ֆոնին, երբ այդ նույն դենացիֆիկացիային դիմադրելու համար ամբողջ աշխարհը աջակցում է Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի։
Եվ այդ նույն «միջազգային հանրությունը» որն ամեն ինչով դատապարտում է Ռուսաստանի պատմական ու քաղաքական նկրտումները Ուկրաինայի դեմ՝ անուշադրության կամ թե կուզեք անէության է մատնում Ալիեւի նկրտումները Հայաստանի դեմ, այցելելով առավելապես Հայաստան եւ խորհուրդ տալով գնալ խաղաղության՝ այն է զիջել այն ամենն, ինչ աղվեսը կպահանջի կկվից։
Տրամաբանությունը, որ այդ կկվի տակտիկան ոչ միայն անօգուտ է, այլեւ կոնտրպրոդուկտիվ, ապացուցվեց նաեւ օրերս։ Սյունիքի Ներքին Հանդի ՀՀ ԶՈՒ դիրքը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ չորս զոհ ու վիրավոր կամավորների շրջանում։ Եվ դա այն պարագայում, որ հայկական կողմը դեպքից ժամեր առաջ դե ֆակտո ընդունեց, որ հրադադարի խախտումն իր կողմից է եւ պատրաստ է «գտնել ու պատժել» մեղավորներին։
Սակայն, բնականաբար, դա բավարար չէր Ադրբեջանի համար։ Ադրբեջանի ուզածը ոչ թե խաղաղությունն է, այլ դենացիֆիկացված ու կապիտուլացված Հայաստանը։
Հայաստան, որն այնքան թույլ կլինի, որ զրո հնարավորություն կունենա ռազմա-քաղաքական վերականգնման ու «ռեւանշի հույսեր փայփայելու»։
Ալիեւի ուզածն, իդեալական տարբերակով, ապառազմականացած, կոնտրիբուցիա վճարող, բանակը կրճատած, թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդն է, որը նաեւ զիջել է «միջանցք»՝ Նախիջեւանի հետ անարգել կապի համար։ Ավելին, նա ուզում է Հայաստան, որը նաեւ վերադարձրել է «անկլավները», որոնք վստահաբար, կբնակեցվեն ադրբեջանցիներով եւ կդառնան մշտական վտանգի, մշտական անկայունության եւ միգուցե լեգիտիմ ինտերվենցիայի առիթ՝ «պաշտպանելու Ադրբեջանի քաղաքացիներին»։
Միգուցե ընթերցողը սրանք աբսուրդի եւ ուղեղային մորմոք համարի, բայց եթե 2020 սեպտեմբերի 26-ին մեկն ասեր, թե Հայաստանը փոխելու է իր Սահմանդրությունը Ադրբեջանի պահանջով, հանելու է անկախության հռչակագիրը, ապա նրան հոգեկան հիվանդ կամ գործակալ կհամարեին։
Այսուհանդերձ, պարզից էլ պարզ է, որ զիջումներով խաղաղությունն ավելի է գրգռում Ադրբեջանի անհագուրդ ախորժակը՝ նոր պահանջների ու նոր ակնկալիքների առիթ տալով։
«Կկվի տակտիկան» ձախողվել էր ի սկզբանե, երբ ԱՄՆ պետքարտուղարությունը, նշաձողի իջեցման ֆոնին, կանաչ լույս էր տալիս Ադրբեջանին, հայտարարելով որ ողջունում է Ալիեւի ողորմած «համաներումը» Արցախի բնակիչների նկատմամբ։
«Կկվի տակտիկան» միայն ու միայն կարճատեւ հեռանկարի գործիք է, թե կուզեք մեկանգամյա ակցիա, հենց այս պահին զսպելու կամ դադարեցնելու Ադրբեջանի սպասվող ագրեսիան։ Սակայն, այս ռազմավարությունը երկարատեւ հեռանկարում էլ ավելի է խորացնում այն փոսը, որում են Հայաստանի իշխանությունն ու երկիրը. կա վերջ երկնքի աստղերին, չկա վերջ Հայաստանի զիջումներին եւ որ այդպիսի Հայաստանի հետ խաղաղություն կնքելու ոչ պատճառ կա, ոչ էլ կարիք։ Չէ՞ որ վախ նույն Ալիեւն ինքն էլ ունի՝ շնչելու ժամանակ ու վերականգնվելու ռեսուրս տա Հայաստանին՝ «ռեւանշը» իրեն սպասեցնել չի տա։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։