ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի մտածում են 1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի թիվ 907 ենթաբաժնից հրաժարվելու մասին, որը Վաշինգտոնին արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։
«Կարող եմ ձեզ ասել, որ յուրաքանչյուր տարի մենք մտածում ենք այն մասին, թե արդյոք 907-րդ ուղղումից պետք է հրաժարվել՝ անվտանգության հետ կապված ինչ-որ օգնություն տրամադրելու համար, բայց առայժմ այս հարցը քննարկման փուլում է»,-ասել է դեսպանը։
Նրա գնահատմամբ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ընդարձակ շրջանակների համեմատ այն «աննշան» փոփոխություն է։
«Ես դեռ լիովին չեմ հասկանում, թե ինչու է սա այդքան աներեւակայելի կարեւոր: Սա աննշան փոփոխություն է մեր հարաբերությունների լայն շրջանակի, Ադրբեջանի հետ մեր փոխգործակցության տեսանկյունից բոլոր ոլորտներում, մշակույթի, տնտեսության եւ նույնիսկ որոշ չափով անվտանգության ոլորտում»,-ասել է Լիբբին։
Ամերիկացի դիվանագետը նաեւ բացատրել է, որ այն սահմանափակում է ռազմական օգնությունը, որի կարիքը չունի Ադրբեջանը։
«907-րդ ուղղումը սահմանափակում է ռազմական օգնության մի շարք տեսակներ: Չգիտեմ՝ Ադրբեջանին պետք է արդյոք ԱՄՆ ռազմական օգնությունը, ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Սա մի բան է, որը մենք պետք է ուշադիր դիտարկենք մեր առաջնահերթությունների համատեքստում: Այս տարի այս հարցով որոշում չի կայացվել, բայց մենք ունենք նաեւ այլ հարցեր՝ կապված Ադրբեջանի հետ»,-ասել է ԱՄՆ դեսպանը։