ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ուղիղ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ հակաարբանյակային զենքի վերաբերյալ, որը ներկայումս մշակում է ռուսական կողմը: Այս մասին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Քիրբին ընդգծել է, որ Ռուսաստանի նոր տեխնիկական մշակումները մտահոգիչ են, բայց առայժմ անմիջական վտանգ չեն ներկայացնում: Նրա խոսքերով խոսքը այնպիսի զինատեսակի մասին չէ, որը կարող է օգտագործվել մարդկանց վրա հարձակվելու կամ Երկրի վրա տեղակայված օբյեկտներին հարվածելու համար։
«Մենք ուշադիր հետեւում ենք ռուսական այս գործողություններին եւ կշարունակենք շատ լուրջ վերաբերվել դրանց։ [Նախագահը] հրամայել է մի շարք նախնական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ լրացուցիչ ճեպազրույցներ անցկացնել Կոնգրեսի առաջնորդների, անմիջական դիվանագիտական փոխգործակցություն Ռուսաստանի, մեր դաշնակիցների եւ գործընկերների, ինչպես նաեւ այն երկրների հետ, որոնց շահերը վտանգված են»,-ասել է Քիրբին։
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն վաղուց գիտի նման զենք ստեղծելու Ռուսաստանի ցանկության մասին։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան հետախուզության պաշտոնյաները, ըստ Քիրբիի, անհանգստացած են նաեւ հետախուզական տվյալների գաղտնազերծմամբ։ Հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ ավելի արդյունավետ կլինի երկրների միջեւ ոչ հրապարակային երկխոսություն սկսելը, այլ ոչ թե ԶԼՄ-ներում հետախուզական տվյալներ հրապարակելը, հավելել է նա։