Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հակառակ Հայաստանի տարածքը լքելու վերաբերյալ հայկական կողմի պահանջին, ադրբեջանցիները երեկ էլ առաջացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սեւ լճին մոտ ընկած՝ շուրջ 400 բնակիչ ունեցող Խոզնավար գյուղի ուղղությամբ:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտնել է, որ Հայաստանի տարածք է անցել 30 ադրբեջանցի զինվորական:
Բնակիչները պատմել են, որ նրանց դեմ հանդիման գյուղի հովիվներն են հայտնվել, որոնք ադրբեջանցի զինվորականների սպառնալիքներից հետո լքել են տարածքը:
44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի Քաշաթաղի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Խոզնավարը դարձավ սահմանամերձ։
Այս պահին թեեւ իրավիճակը վերահսկելի է, սակայն բնակիչների շրջանում անհանգստություն կա:
Գյուղի բնակիչներ Մհեր Գրիգորյանը «Ազատությանը» հայտնել է, որ բնակիչների մի մասին, այդ թվում՝ երեխաներին, անվտանգության նկատառումներով տարհանել են։ Ըստ Մհեր Գրիգորյանի՝ ադրբեջանցիները ներխուժել են 13։30-14։00-ի սահմաններում:
«Էստեղից հետ ես տալիս, մյուս կողմից են գալիս, ասում են՝ հրաման ենք կատարում, մենք չգիտենք, մեզ ասել են՝ գնացեք, եկել ենք»,- ադրբեջանցի զինվորի խոսքն է փոխանցել գյուղի բնակիչը։