Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը փետրվարի 16-ին ասել է, թե Արեւմուտքն ուզում է խանգարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
Այս հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ Ռուսաստանն Ադրբեջանին ազդանշան է տալիս հարձակվելու Հայաստանի վրա, քանի որ «այս գլխից» պարզ է, որ կա հարձակման գեներատոր՝ Արեւմուտքը:
Այսինքն, մենք արդեն Արեւմուտքին կարգել ենք լարվածության մեղավոր, դու հանգիստ կարող ես հարձակվել Հայաստանի վրա, եւ ամբողջ աշխարհին պարզ կդառնա, որ եթե Արեւմուտքը, այսինքն՝ Ամերիկան, չլիներ, հայերն ու ադրբեջանցիները Ռուսաստանի քավորությամբ արդեն լեզու էին գտել: Հայաստանն այսօր Ռուսաստանի հետ ոչ մի ուղղությամբ լեզու չի գտնում:
Ո՞վ կարող է ասել, որ Արեւմուտքին այսպիսի Հայաստանը հուսալի չի թվում: Պարզ է, որ Արեւմուտքը այսպիսի Հայաստանից մեծ սպասելիքներ չունի, բայց հստակ է, որ Ռուսաստանը հենարան է կորցնում Հարավային Կովկասում: Հետեւաբար ո՞ւմ հաճելի չէ այդպիսի կորուստը՝ պարզ է, որ՝ Ռուսաստանին: Պատրուշեւը թքած ունի հայ-ադրբեջանական խաղաղության վրա, նրա թեման Ռուսաստանն է այդ գործընթացում:
Ընդամենը մեկ օր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի իշխանություններին կոչ էր անում չտրվել Արեւմուտքի հմայքին: Գալուզինը միանգամայն հասկանալի է դիմում Փաշինյանին՝ ձեր քաղաքականությունը լրջորեն հարվածում է տարածաշրջանում Ռուսաստանի հետաքրքրություններին:
Դե հիմա այս հայտարարության կողքը դրեք Պատրուշեւի խոսքը, թե Արեւմուտքն ուզում է խանգարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Այդ հարաբերությունների կարգավորման նախորդ 30 տարվա քավորը Ռուսաստանն էր, ինչո՞ւ չէր կարգավորվում: Նույնիսկ կարիք չկա այս հարցին պատասխանելու, Գալուզինն այն մեզնից լավ է ձեւակերպում՝ հակամարտությունը Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակում էր:
Ամոթ էլ է ասել, որ Հայաստանն այլեւս չի հավատում Ռուսաստանին: Բայց ամոթ չէ ասելը, որ դա իսկապես կարող է հետեւանքներ ունենալ: Այնուամենայնիվ, փաստ է, որ Ռուսաստանը գլխավոր դերակատարն է այսօրվա իրավիճակի: Այսինքն, «մարդը» Թուրքիայի հետ լեզու գտավ ու բառացիորեն նվաստացրեց ՀԱՊԿ անդամ իր գործընկերոջը:
Դրանից հետո գործընթացը՝ գոնե ռուսների տեսակետից, խաղաղության գործընթաց չէ։ Դա մինչեւ աշխարհի պատմության վերջը միմյանց վրա չկրակելու գործընթաց է: Չկա այն Հայաստանը, որը մեծ-մեծ էր փրթում Ադրբեջանի հանդեպ: Այդպիսի Հայաստանին երկու նախկին կայսրություն տեղն են դրել՝ մեկից (Ռուսաստանից) չէինք սպասում, մյուսից (Թուրքիայից) սպասում էինք, բայց չէինք պատկերացնում:
Կարո՞ղ է Փաշինյանը մեկ գիշերում կողմնորոշում փոխել ու կրկին վազել ռուսների մոտ: Միանգամայն հնարավոր է: Պետք է այդ հարաբերությունների նոր գինը հնչի, այսինքն՝ չհարաբերվելու դեպքում Հայաստանը ջնջում ենք քարտեզի երեսից, կամ Իսկանդեր ենք գցում կառավարության շենքի վրա հենց նիստի ժամանակ, Ադրբեջանի անունից հարձակվում ենք Հայաստանի վրա, Ադրբեջանն ինքն է հարձակվում Հայաստանի վրա, բոլոր խոպանչիներին մի գիշերում ուղարկում ենք Հայաստան ու կաթվածահարում երկրի վիճակը, իսկ նրանք կրիտիկական զանգված են վարչապետին աթոռից գցելու համար:
Այս ամենը Ռուսաստանի գիրկը չվազելու գինն է: Եվ գուցե վազի էլ Փաշինյանը: Հարցն այն է, թե դրանից հետո ո՞վ է ինքը, ո՞վ ենք մենք տարածաշրջանում, մեր ինչի՞ն են պետք այդքան դեսպանատները եւ ի վերջո ի՞նչ օր է սեպտեմբերի 21-ը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: