Նոր տեղեկություններ են հայտնի դառնում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հանգամանքներից։
Ըստ այդ տեղեկությունների, Նավալնին կարող է մահացած լինել հայտարարված օրից ավելի շուտ։ Այս մասին հայտնում է «Եվրոպայի նոր թերթ» պարբերականը հղում անելով «Բեւեռային գայլ» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալներից մեկին։
Նավալնիի մահվան վկայականում գրված է, որ նա մահացել է փետրվարի 16-ին ժամը 14։17-ին։ Պատիժների իրականացման ֆեդերալ ծառայությունը ընդդիմադիր գործչի մահվան մասին հայտնել է ուղիղ երկու րոպե հետո։
Անանուն բանտարկյալը տեղեկացրել է, որ ՔԿ-3-ում փետրվարի 15-ի երեկոյան սկսվել է ինչ-որ «անհասկանալի խիպիշ» (իրարանցում-խմբ․)։ Երեկոյան պարտադիր ստուգումներն այդ օրն իրականացվել են չափազանց արագ, որից հետո բանտարկյալներին իրենց բարաքներում փակել են անհավանական հսկողության պայմաններում։ Այդ օրը, ըստ «զեկի», բանտի տարածքում անհամեմատ շատ ավտոմեքենաներ են եղել։
Ուրբաթ առավոտյան, փետրվարի 16-ին, ըստ անանուն «զեկի», բանտի անձնակազմը սկսել է տոտալ խուզարկություններ։ Նախորդ «շմոններից» այս մեկը տարբերվել է նրանով, որ նախապես ոչինչ չեն ասել բանտարկյալներին։ Սովորաբար նրանց «շմոնի» մասին տեղեկացնում են մեկ ամիս առաջ։
Աղբյուրն ասում է, որ Նավալնու մահվան մասին արդեն խոսում էին փետրվարի 16-ի առավոտյան ժամը 10-ին։ Շտապօգնության մեքենան «Բեւեռային գայլ» է եկել արդեն այն բանից հետո, երբ իշխանությունները հայտնել են Նավալնիի մահվան մասին։