Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած կառավարությունը փետրվարի 18-ին պաշտոնապես ընդունել է Պաղեստին պետության միակողմանի ճանաչումը մերժող «Միջազգային թելադրանքի հետ չհամաձայնվելու մասին հռչակագիրը»։
Երկու հիմնական կետից բաղկացած փաստաթղթի տեքստում ընդգծվում է․ «Իսրայելը կտրականապես մերժում է պաղեստինցիների հետ մշտական կարգավորման վերաբերյալ միջազգային թելադրանքները։ Կարգավորումը, եթե դրան հասնենք, տեղի կունենա բացառապես կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով՝ առանց նախապայմանների»։
Հռչակագրում ընդգծվում է, որ Իսրայելը շարունակելու է հանդես գալ Պաղեստին պետության միակողմանի ճանաչման դեմ։
«Հոկտեմբերի 7-ի ջարդերից հետո նման ճանաչումը հսկայական ու աննախադեպ վարձատրություն կլինի ահաբեկչությանը եւ կխոչընդոտի ապագա խաղաղ կարգավորմանը»,-ասվում է փաստաթղթում։
Ինչպես նշում է The Times of Israel պարբերականը նման որոշման ընդունումը հանդիսանում է Նեթանյահուի կառավարության արձագանքը ամերիկյան The Washington Post պարբերականի վերջերս հրապարակված այն հոդվածին, որտեղ հեղինակները հղում կատարելով ԱՄՆ եւ արաբ դիվանագետներին հայտնել էին Պաղեստին պետության ստեղծմանը ուղղված հստակ ծրագրի առկայության մասին։