Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան փետրվարի 19-ին հանդես է եկել հրապարակային ուղերձով։
Շուրջ 9 րոպե տեւողություն ունեցող ուղերձի տեսագրության մեջ, որը տեղադրված է Ալեքսեյ Նավալնիի «Youtube»-յան էջում, Նավալնայան պնդում է, որ ամուսնու մահը սպանություն էր, որի հետեւում կանգնած է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դրանում նա նաեւ ընդգծում է, որ շարունակելու է ամուսնու գործունեությունը։
«Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը։ Կշարունակեմ պայքարել մեր երկրի համար։ Եվ ես ձեզ կոչ եմ անում կանգնել իմ կողքին՝ ոչ միայն մեզ պարուրած ու բաց չթողնող վիշտն ու անվերջանալի ցավը կիսելու համար։ Ես խնդրում եմ ձեզ ինձ հետ կիսել ցասումը։ Զայրույթն ու ցասումը նրանց նկատմամբ, ովքեր համարձակվել են սպանել մեր ապագան»,-ասում է Նավալնայան ուղերձում։