Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագրերի սահմանափակմանը վերաբերվող Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում շարունակվում են Արեւմուտքի հետ Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ քննարկումները։
«ԳՀՀԾ -ի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու եւ մյուս մասնակից երկրներին սույն համաձայնագրի պահանջներին վերադարձնելու շուրջ քննարկումները շարունակվում են, իսկ հաղորդակցման ուղիները դեռ գործում են։ Դիվանագիտական ուղին պահպանվում է»,- Tasnim գործակալության փոխանցմամբ հայտարարել է Քանանին՝ չհստակեցնելով, թե ում հետ են իրանցի դիվանագետները վարում նման բանակցությունները։
Հիշեցնենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան Իրանի հետ ստորագրել էին «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիը»՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրերի սահմանափակմանը եւ այդ ժամանակ առաջացած միջազգային ճգնաժամի հաղթահարմանը:
Սակայն 2018 թվականին տարբեր պատճառներով ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել համաձայնագրից միակոմանի դուրս գալու մասին։ Նրան փոխարինած գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս է հայտարարել, որ Վաշինգտոնը պատրաստակամ է վերադառնալ միջուկային գործարքին։
2024 թվականի փետրվարին Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրի քաղաքական եւ դիվանագիտական լուծմանը։