Ադրբեջանում թուրքական բանակի մոդելը ամբողջությամբ կայացել է։ Այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հաջորդող ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա որպես օրինակներ բերել է 2020 թվականի 44-օրյա պատերազմը եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի դեմ իրականացրած ռազմական գործողությունները։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը եւ հինգ ամիս առաջ մեր կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանում թուրքական բանակի մոդելը լիովին կայացել է»,-ասել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, որ Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում նոր ծրագրեր ունեն։
«Այսօր, իհարկե, նոր հնարավորություններ են բացվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Դրա շուրջ եւս մանրամասն քննարկումներ են անցկացվել։ Մենք համատեղ արտադրության հետ կապված պլաններ ունենք», — ասել է Ալիեւը։