Երեւանում մինչեւ մարտի մեկը երթուղի դուրս կգա 30 նոր ավտոբուս։ Դրանք կսպասարկեն երեք երթուղի։ Ընթացիկ տարում քաղաքապետարանը ձեռք կբերի եւս 140 նոր ավտոբուս, այնուհետեւ ներդրվելու է վճարման տոմսային համակարգը։
«Քաղաքացիական պայմանագիրը» փետրվարի սկզբին շրջանառության մեջ էր դրել տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ սահմանող նախագիծը։ Երկար քննարկումներից հետո հանրության շրջանում քննադատության արժանացած նախագիծը հանվեց հերթական նիստի օրակարգից։ Այն այժմ լրամշակվում է։
Հիշեցնենք՝ միասնական տոմսային համակարգի նախագծով առաջարկվում էր ներդնել ուղեվարձի սակագնային տարբեր փաթեթներ` մեկանգամյա, մեկօրյա, շաբաթական, ամսական, եռամսյա, տարեկան եւ այլն: Ըստ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի՝ եթե նախագիծն ընդունվի, մեկ ուղեւորությունը կարժենա մոտավորապես 180 դրամ։
Հասարակական տրանսպորտից մշտապես օգտվողների, ուսանողների, թոշակառուների եւ խոցելի խմբերի համար սականգները կզեղչվեն։
Ոմանց համար էլ, ամենայն հավանականությամբ, տրանսպորտի գինը նկատելիորեն կթանկանա։ «Այն անձինք, որոնք հազվադեպ են օգտվում տրանսպորտից, որոնց համար սակագնի փոփոխությունը դրամատիկ թանկացման չի բերում, օրինակ` զբոսաշրջիկների դեպքում, տրամաբանություն չկա, որ այդ ուղեւորափոխադրումները սուբսիդավորվեն համայնքային բյուջեից»,– փետրվարի 13-ին կայացած ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Թեեւ հանրային տրանսպորտի սակագնի թանկացմանը վերաբերող նախագիծը նիստի օրակարգից հանվեց ու դեռ լրամշակվում է, մի բան պարզ է․ թանկացում լինելու է։ Այդ մասին իշխող կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են։ Թանկացումն արդարացված են համարում՝ խոսելով ծառայությունների մատուցման որակի բարձրացման մասին եւ ընդգծում՝ գազելներն է՛լ չկան։ Այո՛, գազելները չկան, բայց պետք է փաստել, որ տրանսպորտին 20-40 րոպե սպասելը, խցկված երթեւեկելն ամենեւին որակի բարձրացման հավաստիքներ չեն։
Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն էլ պնդում է՝ տրանսպորտի գինը պետք է լինի մինչեւ 100 դրամ։ Խմբակցությունը նախագիծ է մշակել՝ ուսումնասիրելով Թբիլիսիում գործող միասնական տոմսային համակարգը։
Առաջարկվում է մեկ օրվա համար ֆիզիկական քարտով կամ օնլայն հավելվածով տոմս ձեռք բերել եւ 24 ժամ անսահմանափակ երթեւեկել 400 դրամով (Թբիլիսիում համարժեք է 450 դրամին)։ Մեկ շաբաթվա միասնական տոմսի համար առաջարկվում է վճարել 2000 դրամ (Թբիլիսիում համարժեք է 3000 դրամին), մեկ ամսվա համար՝ 5500 դրամ (Թբիլիսիում համարժեք է 6000 դրամին), 6 ամսվա համար՝ 20 000 դրամ (Թբիլիսիում համարժեք է 22 500 դրամին), իսկ մեկ տարվա ընթացքում տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար առաջարկվում է վճարել 35 000 դրամ (Թբիլիսիում այս փաթեթը համարժեք է 37 500 դրամին)։
Այն քաղաքացիները, որոնք հաճախակի չեն երթեւեկում տրանսպորտով եւ նրանց համար հարմար չեն միասնական տոմսերի այս տարբերակները, կարող են մեկ ուղեւորափոխադրման համար վճարել 100 դրամ։ Միասնական տոմսեր կիրառելիս կարելի է օնլայն հավելվածներից կամ քարտից օգտվել, իսկ մեկանգամյա երթեւեկությունը նախընտրողները կարող են մետաղադրամը ավտոբուսում գտնվող տուփը գցել։ Երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներն էլ հանրային տրանսպորտից անվճար են օգտվելու։
«Առաջարկում ենք, որ մեր մշակած նախագիծն ուժի մեջ մտնի 2025 թվականի հունվարի մեկից։ Այս ընթացքում քաղաքային իշխանությունը ժամանակ կունենա, որ օրենսդրությունը կարգավորի, շարժակազմերի համալրման եւ ավտոբուսների առանձնացված գծերի հարցերը լուծի։ Քաղաքացին պետք է հանրային տրանսպորտով արժանապատիվ երթեւեկելու հնարավորություն ունենա»,- ասում է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա վստահեցնում է՝ առանց տրանսպորտի գինը թանկացնելու էլ հնարավոր է տրանսպորտի վիճակը բարելավել, պարզապես պետք է արդյունավետ կառավարել եւ չարդարանալ՝ ասելով, թե վարորդները գումար են գրպանում, ու հնարավոր չէ դա ամբողջովին կանխել։
Մանուկ Սուքիասյանը հիշեցնում է՝ քաղաքացիները հարկեր, տուրքեր են վճարում, մարդիկ շինթույլտվությունների համար ահռելի գումարներ են մուծում, ուստի հնարավոր է դոտացիա հատկացնել, սուբսիդավորել, որ քաղաքացու համար տրանսպորտի գինը չթանկանա։
«Բա այս հսկայական կառույցն ինչի՞ համար է․ ճոխ պարգեւավճարների եւ մեկ անձից կատարվող՝ տասնյակ միլիոնների հասնող, զանազան չարդարացված, ստվեր պարունակող գնումների համա՞ր։ Մեր հաշվարկով մեկ ուղեւորափոխադրման ինքնարժեքը 130 դրամ է։ Տրանսպորտը բիզնես չէ, սոցիալական ուղղվածություն ունի։ Սահմանադրության մեջ շեշտվում է՝ ՀՀ-ն իրավական, սոցիալական պետություն է։ Սա այն դրվագն է․ սոցիալական ծախսերը պիտի որոշակիորեն ծածկվեն»,- ասում է Սուքիասյանը։
Մարտին կայանալիք ավագանու նիստի ընթացքում պարզ կդառնա՝ արդյո՞ք քաղաքային իշխանույթունը նիստի օրակարգ կմտցնի տրանսպորտի գնի վերանայմանը վերաբերող նախագիծը։ Մանուկ Սուքիասյանն ասում է՝ ոչ միայն ավագանու նիստերի դահլիճում, այլեւ փողոցում պատրաստ են քաղաքացու կողքին լինելու եւ պայքարելու տրանսպորտի գնի թանկացման դեմ։
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը վստահ է՝ քաղաքացիները կընդվզեն, եթե տրանսպորտի գինը թանկանա, քանի որ շատերը հազիվ են սնունդ գնում ու կոմունալ ծառայությունների համար վճարում։
Սա հավելյալ ծանրաբեռնվածություն է այսչափ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների համար։ Մանավանդ թոշակառուները մի կերպ են կարողանում 100 դրամ վճարել։
«Քաղաքային իշխանությունը պարբերաբար խոսում է ծանրաբեռնված երթեւեկությունը թեթեւացնելու մասին։ Փոխանակ տրանսպորտից օգտվելը հարմար ու շահավետ դարձնեն՝ ավելի են թանկացնում՝ սպասարկման որակն առանձնապես չբարելավելով»,- ասում է Սյուզաննա Չիլինգարյանը։
Քաղաքացիների վճարած հարկերից, տուրքերից եւ այլ վճարումներից ձեւավորված բյուջեի միջոցներով սուբսիդավորում պիտի իրականացվի, եւ տրանսպորտի գինը չպետք է չթանկանա։ Մեր երկրում հանրային տրանսպորտի վիճակն այնքան վատ է, որ իշխանությունը նույնիկ չպետք է խոսի բարձրորակ սպասարկման մասին․ ավտոբուսներում մաքրությունն ապահովված չէ, վարորդներից ոմանք կոկիկ հագնված չեն եւ անգամ համապատասխան էթիկա չունեն։ Մարդիկ 40 րոպե սպասում են ու ի վերջո մի կերպ խցկվում ավտոբուսի մեջ։ Քաղաքացիներն այնքան խիտ են կանգնում տրանսպորտում, որ երբեմն գրպանահատության դեպքեր են լինում։
«Այնպիսի պայմաններ են ստեղծում, որ քաղաքացիները մտածեն՝ ավտոմեքենայով երթեւեկելն ավելի հարմար է ու շահավետ։ Այս խայտառակ պայմանները պիտի փոխվեն, որակը պիտի բարելավվի, թե չէ, ստացվում է՝ քաղաքացին անորակության համար բարձր գին պիտի վճարի։ Տրանսպորտի վիճակը շարունակաբար պիտի բարելավվի, իսկ մենք դա չենք տեսնում։ Մոտակա տարիներին՝ այս իշխանության օրոք, չեմ էլ ակնկալում, որ տրանսպորտի խնդիրը կլուծվի, եթե անգամ որոշակի փոքր դրական տեղաշարժեր նկատվեն, լինելու են շատ դանդաղ»,- եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։