Էներգետիկ հարցերով ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնը մարտի 1-ին կժամանի Բաքու՝ մասնակցելու Հարավային գազային միջանցքի Խորհրդատվական խորհրդի տասներորդ եւ «Կանաչ էներգիայի» երկրորդ նախարարական հանդիպմանը: Այս մասին հայտնում է Report ադրբեջանական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրել էին 2022 թվականի հուլիսի 28-ին: Այն ստորագրվել էր Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը քննադատել էր Ադրբեջանի հետ ԵՄ-ի նման համաձայնագրի կնքումը՝ ընդգծելով, որ առանց քաղբանտարկյալների ազատ արձակման, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների խիստ սահմանափակումների վերաբերյալ օրենքները փոխելու չպետք է նման համաձայանագիր կնքվեր։