ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները մինչեւ 2025 թվականի փետրվարի 24-ը։ ԵՄ խորհրդի համապատասխան բանաձեւը հրապարակվել է «Եվրոպական միության պաշտոնական ամսագրում»։
«2022 թվականի թիվ 266 որոշման համաձայն սահմանափակող միջոցառումները պետք է երկարացվեն եւս 12 ամսով՝ մինչեւ 2025 թվականի փետրվարի 24-ը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Դրանում նշվում է, որ խոսքը այն պատժամիջոցների մասին է, որոնք սահմանվել էին Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների Ռուսաստանին բռնակցելու (անեքսիայի ենթարկելու) հետ կապված։
«Ցանկալի է պահպանել ԵՄ-ի կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր միջոցները եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել նաեւ հավելյալ քայլեր»,- ընդգծվում է տեքստում։
Հունվարի կեսերին հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթի շուրջ քննարկումները։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նոր սահմանափակումները, որոնք նախատեսվում է ընդունել մինչեւ փետրվարի 24-ը, քննարկվել են հունվարի 17-ին ԵՄ երկրների դեսպանների հանդիպմանը։