Արեւմուտքը հնարավոր բոլոր ձեւերով փորձում է Բելառուսին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ հանդիպմանը։
«Բոլոր ճշտություններով եւ անճշտություններով մեզ ցանկանում են ներքաշել այդ պատերազմի մեջ»,-Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է БелТА պետական գործակալությունը։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ Մինսկը գաղտնի տեղեկատվություն է ստացել այն մասին, թե «ինչ է մտածում այդ մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի գլխավոր շտաբի պետը»։
«Մենք չենք կարողացել Բելառուսին ներքաշել հակամարտության մեջ։ Մինսկի ակտիվ մասնակցությունը պատերազմին կխաթարի Բելառուսում Ա.Լուկաշենկոյի ռեժիմը։ Այս հնարավորությունը դեռ բաց է»,-մեջբերել էր Լուկաշենկոն իր նշած «գլխավոր շտաբի պետի» խոսքերը։
Լուկաշենկոն նաեւ նկատել է, որ Լեհաստանում հաճախ են այնտեղ ապաստանած բելառուսական ընդդիմությանը կրկնում, որ «Ուկրաինայի պատերազմը հնարավորություն է տալիս փոխել Բելառուսի ռեժիմը»։