Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ժամանել է Կահիրե՝ Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկելու Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը եւ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը։ Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Առավոտյան ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Իսմայիլ Հանիեի գլխավորությամբ ժամանել է Կահիրե՝ Եգիպտոսի պաշտոնյաների հետ Գազայի մարտադաշտերում տիրող իրավիճակը եւ դրա շուրջ ստեղծված քաղաքական դրությունը քննարկելու համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Դրանում նշվում է, որ շարժման քաղբյուրոյի ղեկավարը մտադիր է հանդիպումների ժամանակ դիտարկել նաեւ «[իսրայելական] ագրեսիան դադարեցնելու ջանքերը, շրջանի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետ կապված հարցերը»։
ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ բանակցությունների շարունակության մասին փետրվարի 20-ին Al Jazeera լրատվականին հայտնել է նաեւ Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։
«Գերիների փոխանակման վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են՝ չնայած մեր առջեւ ծառացած խնդիրներին։ Կատարը շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել, բոլոր կողմերը շարունակում են փոխգործակցությունը», — մեջբերում է Al Jazeera-ն նախարարի խոսքերը:
Ալ-Անսարին ընդգծել էր, որ նոր բանակցային գործընթացում առաջնահերթությունը տրվելու է հումանիտար ասպեկտին։
Ընդգծենք, որ փետրվարի 13-ին Կահիրեում խորհրդատվական հանդիպում էր տեղի ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսի, իսրայելական հետախուզական «Մոսադ» գործակալության ղեկավար Դավիդ Բարնեայի, Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ-Թանիի եւ Եգիպտոսի գլխավոր հետախուզության վարչություն ղեկավար Աբբաս Քամելի մասնակցությամբ։
Բանակցությունների ընթացքում քննարկվել էր պատանդառվածների ազատ արձակման վերաբերյալ հնարավոր համաձայնությունը, ինչպես նաեւ Գազայի հատվածում հրադադարի հաստատման հեռանկարները։