Ձնհալից հետո Գյումրու առանց այն էլ անբարեկարգ փողոցներն անանցանելի են դարձել: Ամեն առավոտ, աշխատանքի գնալու ճանապարհին, յուրաքանչյուր գյումրեցի պարտքը կատարելու պես, նկարում է իր ցեխապատ փողոցն ու տեղադրում համացանցում, քննարկում, քաղաքային ու ավելի բարձր իշխանությունից պահանջում բարեկարգել եւ անցանելի դարձնել փողոցները:
Գյումրիում կես կատակ, կես լուրջ ասում են՝ ամենահմուտ լեռնագնացն անգամ չի կարող «պատվով» անցնել Գյումրու փողոցներով:
Ստեղծված իրավիճակին մասամբ լուծում տալու նպատակով Գյումրու համայնքապետարանը քաղաքի բանուկ փողոցներում հարթեցման ու բարեկարգման աշխատանքներ է իրականացնում:
Որ հանրապետության երկրորդ՝զբոսաշրջային քաղաքի փողոցները 21-րդ դարում խճապատվում են, առնվազն տարօրինակ է: Բնակիչները խիճով փոսալցումը անարդյունավետ են համարում. բավական է մեկ անգամ ձյուն կամ անձրև տեղա, համայնքապետարանի ողջ աշխատանքը «կլվա-տանի»:
Գյումրին «ցեխից հանելու» ծրագրի մեկնարկը տալու նպատակով քաղաք էր այցելել Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Երևանյանյան գրասենյակի ղեկավար Ջորջի Ախալկացին:
ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում Գյումրու համայնքապետարանի ուԵվրոպական բանկի միջեւ համաձայնագիր է կնքվել։
Ըստ համաձայնագրի՝ եկող տարվա սկզբից կհիմնանորոգվի քաղաքի ամենախիտ բնակեցված «Անի» եւ «Ավստրիական» թաղամասերի ողջ ճանապարհային ցանցը:
Բացի այդ, նույն նախաձեռնության շրջանակում կարդիականացվի տվյալ թաղամասերի ինչպես նաեւ Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգը:
Ընդհանուր թվով հիմնանորոգվելու է 37 փողոց, տեղադրվելու են 1300 նոր լուսատուներ:
Փողոցաշինական աշխատանքների մեկնարկը կտրվի նախագծերի ձեռքբերումից հետո։ Գյումրու համայնքապետարանի տվյալներով՝ այս պահին կան նախագծերի գնման մրցույթային գործընթացներ։
Նշենք, որ «Գյուրմրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի նախորդող տրանշների միջոցների հաշվին մինչեւ 2023 թվականը հիմնանորոգվել է քաղաքի 33 փողոց եւ 4 հրապարակ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։