Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը օրերս հրապարակեց մի տեսագրություն, որտեղ սպիտակով սեւի վրա գրված էին Գազայում ընթացող պատերազմի արդյունքում զոհված մինչեւ 17 տարեկան 11500 երեխաների անունները։
Մոտ 35 վայրկյան ներկայացվում էր այն նորածինների անունները, որոնք դեռ չէին դարձել մեկ տարեկան։ Հաջորդող չորս րոպեները՝ մինչեւ 10 տարեկան երեխաների անուններն էին։
Պատերազմի սկզբից մինչեւ 2024 թվականի փետրվարի 17-ը պաղեստինցիների կորուստները, Գազայում գործող առողջապահության նախարարության տվյալներով՝ սպանվել է 28858 եւ վիրավորվել 68667 մարդ։ Հաղորդվում է նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափում տեղի ունեցած բախումների հետեւանքով սպանված շուրջ 400 պաղեստինցիների մասին։
ԱՄՆ հատուկ ծառայությունները եւ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում են, որ այս ընթացքում իրենց «հաջողվել է ոչնչացնել» ՀԱՄԱՍ-ի մոտ 10000 ներկայացուցիչների։ Իսրայելական մամուլի պնդմամբ գերեւարվածների թիվն էլ հասնում է 2500-ի։
Իսրայելի կորուստները՝ համեմատած պաղեստինյան կողմի հետ, բավականին համեստ են։ Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո իսրայելական կողմի զոհերի թիվը 1139 է։ Հարձակումից հետո ՀԱՄԱՍ-ը Գազա պատանդ է տարել 248 անձանց, որոնցից ներկա պահին գերության մեջ են 137-ը, եթե հաշվի առնենք դեկտեմբերի կարճատեւ զինադադարի ընթացքում ազատ արձակվածների եւ հակամարտության ընթացքում մահացածների թիվը։
Ինչ վերաբերում է Իսրայելի պաշտպանության բանակի կորուստներին, ապա պաշտոնական տվյալներով զոհվել է 564 զինվորական, որոնցից 227-ը՝ Իսրայելի ցամաքային գործողությունների մեկնարկից հետո։
Իսրայելացի վիրավորների թիվն ընդհանուր առմամբ հասնում է շուրջ 8730-ի, որոնցից 6125-ը զինվորականներ են։
Չնայած կողմերի կրած կորուստների հսկայական տարբերությանը, այնուամենայնիվ փաստ է, որ ՀԱՄԱՍ-ը՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակվելով, անդառնալի հարված է հասցրել աշխարհի հետախուզական եւ ռազմական լեգենդար կարողություն ունեցող, ինչպես հրեաներն են սիրում ասել, միակ հրեական պետության անվտանգության համակարգի հիմքերին։
Սրան Իսրայելը պատասխանեց այն ամենով, ինչը բոլոր արաբական ու մուսուլմանական երկրները գրեթե միահամուռ կերպով կոչեցին «ցեղասպանություն», իսկ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը դրա համար ձգտում է միջազգային արդարադատության առաջ կանգնեցնել Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Միակ հարցը, որը առաջ է գալիս նման կորուստների մասին տեղեկությունները կարդալուց հետո, այն է, թե ինչո՞ւ է Իսրայելը գնում անհամաչափ ուժի կիրառման ճանապարհով։
ՀԱՄԱՍ-ի ղեկավարները բավականին լավ գիտեին, որ Գազայից արձակված իրենց ցանկացած մեկ հրթիռի դիմաց հետեւելու էր իսրայելական 101 հրթիռ։ Գիտեին սա, որովհետեւ ՀԱՄԱՍ-ը 1988-ին՝ հենց իր ստեղծման օրից, բախվել էր նման իրողությունների։ Գիտեին նաեւ, որ իսրայելական յուրաքանչյուր հրթիռի հարված՝ ուղղված խիտ բնակչություն ունեցող բնակավայրերին, հանգեցնելու է մեծաթիվ զոհերի խաղաղ բնակչության շրջանում։
Պաղեստինյան շարժման ներսում բոլորը՝ քաղաքական լիդերներից մինչեւ հասարակ շարքային «մոջահեդ», միանշանակ գիտեն այս պարզ իրողությունները, սակայն Պաղեստինի «ազատագրության համար» որդեգրած մարտավարությունն այդպես էլ չի փոխվում։
Չի փոխվում, որովհետեւ ՀԱՄԱՍ-ը հաշվարկները կատարել եւ կատարում է «սերունդներով ատելության» ձեւավորման վրա։ Իսրայելական յուրաքանչյուր փամփուշտ, որը կսպաներ մեկ պաղեստինցու, կխորացներ հակաիսրայելական հանրային տրամադրությունը, իսրայելական յուրաքանչյուր հրթիռ, որը պաղեստինցիների տներն ավերակների կվերածեր՝ կմեծացներ հրեաների տներն ավերելու միջոցով վրեժխնդիր լինելու ծարավը։ Իսրայելական յուրաքանչյուր ավիառումբ, որը կպայթեցներ պաղեստինցիների մի ամբողջ թաղամաս՝ ողջ մնացած երեխաների մեջ կարմատավորեր այդ նույն ռմբակոծության հետեւանքով զոհված ծնողների մահվան համար վրեժի զգացումը։
Միանշանակ է նաեւ, որ արաբ այրին հորից որբացած որդուն վրեժի եւ անարդարության դեմ պայքարի գաղափարներով պետք է դաստիարակեր, իսկ մեծանալուն զուգահեռ հանրության շրջանում կուտակված հակաիսրայելականությունը էլ ավելի կամբողջացներ արդեն երիտասարդ պաղեստինցու ընկալումները։
Հասարակ պաղեստինցիներին ՀԱՄԱՍ-ի շարքերը համալրելուն ուղղորդել են հենց այս պարզ, բայց եւ տարիներով անտեսված իրողությունները։
Հրեաների հետ դեռ 1930-ականներից սկսված անդադար պատերազմների արդյունքում նման կերտվածք ստացած հասարակությունը ներկա շրջանում ՀԱՄԱՍ շարժման յուրաքանչյուր հարձակում Իսրայելի բանակի հենակետերի ուղղությամբ պետք է դիտարկեր թշնամուն հերթական հարված հասցնելու հնարավորություն, իսկ մարտի դաշտ գնացողներին ուղեկցեր աղոթքներով եւ օրհնություններով։
Բոլորովին պատահական չէ, որ ՀԱՄԱՍ-ի 1988 թվականի հիմնադիր կանոնադրության 7-րդ հոդվածի մեջ, որում խոսվում է հրեական պետության դեմ «մինչեւ վերջ» պայքարի մասին, մեջբերվում է իսլամական մի ավանդազրույց, որտեղ Մուհամմադ մարգարեն ասել էր․
Դատաստանի օրը չի գա այնքան ժամանակ, քանի դեռ մուսուլմանները չեն մարտնչել հրեաների դեմ, եւ քանի դեռ հրեաները չեն թաքնվել ծառերի ու քարերի հետեւում։ Ծառերն ու քարերը պիտի ասեն, ո՜վ մուսուլման, ո՜վ Ալլահի ծառա, իմ հետեւում հրեա կա, եկեք ու սպանեք նրան։
Այս ամենը բավականին լավ տեսել ու գիտակցում են Իսրայելում։ Սակայն միայն վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ իր ազգայնական վարչակազմի մյուս նախարարների՝ մասնավորապես ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի եւ ազգային անվտանգության հարցերով նախարար Իտամար Բեն Գիվիրի համար են դրանք վերածվել Գազայում ներկա պահին ընթացող սպանդը օրինականցնելու գործիքակազմի։
ՀԱՄԱՍ-ին Գազայի տարածքից արմատախիլ անելու եւ պատանդներին հետ բերելուն ուղղված Իսրայելի պաշտպանության բանակի առջեւ դրած գլխավոր խնդիրների կողքին հիշատակված պաշտոնյաներն ավելացնում են նաեւ արաբ բնակչության տեղահանության եւ Գազայում հրեական կիբուցներ ստեղծելու անհրաժեշտությունը։
Այս ամենի կողքին պատկերն էլ ավելի ամբողջական է դարձնում Նեթանյահուի այն հայտարարությունը, որ Գազայում իրենց մյուս խնդիրներն են շրջանի «ապաարմատականացումը» եւ «ապառազմականացումը»։
Հոկտեմբերի 7-ի հարձակմանը ի պատասխան՝ Իսրայելի անհամեմատ կոշտ արձագանքը հիշեցնում է հրեական սուրբ գրքերում տեղ գտած պատումները՝ կապված Սավուղ թագավորի կողմից Ամաղեկ քաղաքի բնակիչներին կոլեկտիվ պատժի ենթարկելու հետ։ Դա Սավուղին տրված «աստվածային պատվեր էր», որովհետեւ ամաղեկացիները դեռ Մովսեսի ժամանակներում հանդգնել էին զենքի դիմել Եգիպտոսից դուրս եկած «ընտրյալ ժողովրդի» դեմ․
Այն ժամանակ, երբ Բարձրյալը, օրհնյալ լինի Նա, ասաց Սավուղին. «Հիմա գնա եւ հարվածիր Ամաղէկին, եւ նզովիր նրա բոլոր ունեցածը, եւ մի խնայիր նրան. Եւ սպանիր տղամարդուց մինչեւ կին, եւ երեխայից մինչեւ կաթնակեր, արջառից մինչեւ ոչխար, եւ ուղտից մինչեւ էշ» (Ա Թագավորաց 15։5), Սավուղը հակադարձելով ասել էր. «Հիմա, եթե մեկ կյանքի դիմաց, երբ սպանվածի մարմինը հայտնաբերվում է, իսկ մարդասպանն անհայտ է, Տորան պատվիրում է մեկ երինջի վիզ կտրել ամայի հովտում՝ քավության ծիսակարգի համաձայն, որը նկարագրված է Երկրորդ Օրինաց գրքում 21։1–9, ապա առավել եւս ես պետք է խղճամ եւ չխլեմ այս բոլոր ամաղեկացիների կյանքը»։ Այնուհետեւ նա պատճառաբանել էր. «Եթե մարդիկ մեղք են գործել, ապա ի՞նչ մեղք են գործել կենդանիները։ Ինչո՞ւ պետք է ամաղեկացիների անասունները ոչնչացվեն։ Եվ եթե մեծերը մեղք են գործել, ապա ի՞նչ մեղք են գործել երեխաները»։ Այնուհետեւ Աստվածային ձայնը ասել էր նրան. «Չափից դուրս արդար մի եղիր» (Ժողովող 7.16):
Իսկ գուցե Իսրայելի ներկա ղեկավարությունը հետեւում է հենց վերոգրյալ դրույթին եւ Գազայում ընթացող պատերազմի հարցում ձգտում չլինել «Չափից դուրս արդար»։
Այնուամենայնիվ, Իսրայելի ներսում բավականին լավ գիտակցում են, որ իրենց հետ հեկտեմբերի 7-ին տեղի ունեցածի պատճառների արմատները հասնում են մինչեւ XX դարի սկիզբ՝ Պաղեստինի տարածք հրեաների զանգվածային ներթափանացման ժամանակներ։
Հենց 1947 թվականից սկսած՝ երբ (Բրիտանական կայսրության ենթակա) Պաղեստինի տարածքը ՄԱԿ-ի բանաձեւի (թիվ 181) հիման վրա բաժանվել էր հրեական եւ արաբական մասերի, իսկ 1948 թվականին հայտարարվել էր Հրեական պետության ստեղծման մասին, արաբական աշխարհում միանգամից ձեւավովրել եւ ամրապնդվել էր «Իսրայելը որպես արաբական հողերի սրտում տեղակայված օտարածին քաղցկեղի» ընկալումը։
Սա հենց այն պատճառով, որ արաբներն այդպես էլ չհասկացան, թե ինչո՞ւ պետք է երրորդ կողմերի որոշմամբ զիջեին իրենց կողմից «արաբական եւ իսլամական» համարվող հողերը հրեաներին։ Մի տեսակետ, որն անկախ Իսրայելի շուրջ ունեցած որոշ արաբ առաջնորդների դիրքորոշումներին, գերակշիռ է շարունակում մնալ արաբ հասարակության ներսում։
Նման ընկալումները, որոնք փաստացի եղել են արաբ-իսրայելական գրեթե բոլոր հակամարտությունների հիմքերը, չեն վերանա կամ գոնե բեկում չեն ունենա, քանի դեռ Պաղեստինի թեկուզ մի պատառ հողակտորի վրա չի ձեւավորվել արաբական պետությունը։ Մի կարեւր հանգամանք, որը գիտակցում եւ պնդում են թե՛ Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ն, եւ թե՛ եվրոպական երկրները։ Սակայն Նեթանյահուի ներկայիս կառավարությունը, թեեւ գիտի դա, բայց համառորեն հրաժարվում է։
Հրեական պետության ներկա ղեկավարները գիտեն, որ Իսրայելի եւ տարածաշրջանում անմիջական հարեւան արաբական երկրների միջեւ նախորդ դարի չորս խոշոր պատերազմներից հետո (1947-ի պատերազմ, 1956-ի Սինայի պատերազմ, 1967-ի Յոթօրյա պատերազմ եւ 1973-ի «Ահեղ դատաստանի օրվա» կամ Հոկտեմբերյան պատերազմ) Պաղեստինի ժողովուրդը միակն է արաբական աշխարհում, որը պատրաստակամ է ուղիղ հակամարտության մեջ ներգրավվելու իրենց հետ՝ հանուն արաբական հողերի ազատագրության։
Եվ քանի դեռ միայնակ մնացած Պաղեստինում կա նման պատրաստակամություն, Իսրայելը հակամարտությունը (Պաղեստին պետության ձեւավորման միջոցով) կարգավորելու շտապողականություն չի ցուցաբերի, իսկ բոլոր զինված ընդվզումներնը կշարունակի ներկայացնել որպես արամատախիլ անելու ենթակա «ահաբեկչություն»։
Այս ամենը ընդգծում է այն կարեւոր փաստը, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի անվտանգությանը հասցված անդառնալի հարվածի պատասխանը Գազայի զանգվածային եւ ավերիչ ռմբակոծություններն են, իսկ 76 տարի շարունակ արաբական հողերի օկուպացիայից սերնդեսերունդ կուտակված եւ յուրաքանչյուր ռազմական բախումից հետո խորացող ատելությունը՝ ուղղակի բնակչության հետ միասին արմատախիլ անելը։
Կամ եթե այլ կերպ ձեւակերպենք՝ նպատակը այնպիսի անդառնալի հարված հասցնելն է, որը պաղեստինցիներին վերջնականապես կստիպի հրաժարվել սեփական պետությունը զենքի ուժով ստեղծելու փորձերից։
Որպես եզրակացություն կարելի է մեկ բան ասել․ քանի դեռ Իսրայելը կշարունակի պահպանել անհամաչափ ուժի կիրառման կուրսը, այդքան ժամանակ կշարունակի գոյություն ունենալ ՀԱՄԱՍ-ը, իսկ քանի դեռ գոյություն ունի ՀԱՄԱՍ-ը, այդքան ժամանակ Իսրայելը կշարունակի պահպանել անհամաչափ ուժի կիրառման կուրսը։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։