Ղարաբաղյան շարժումը ծավալվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հռչակած վերափոխման, ժողովրդավարացման, հրապարակայնության պայմաններում։ Մասնագիտական գրականության մեջ ռեֆորմների այդ շարքը որակված է որպես «հեղափոխություն վերեւից»։
Ընդհանրապես, խորհրդային հասարակարգի բնութագրական գծերից էր՝ ինչ էլ ծագեր ներքեւում, հետո այն անպայման պետք է ուղղորդվեր վերեւից, երկրի ղեկավարության կողմից։ Ցանկացած շեղում այդ գծից, չնայած զանգվածների
ակտիվության անընդհատ հնչող կոչերին, որակվում էր որպես վերակառուցման գործին խոչընդոտող։ Այս տեսանկյունից Ղարաբաղյան շարժումը սկզբից մինչեւ վերջ ուղղորդվում էր ներքեւից։ Այդ պատճառով էլ իր ձեւավորման առաջին իսկ օրերից Շարժումը ենթարկվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հարվածներին։
Շարժման ներքեւից ուղղորդումը դրսեւորվում էր տարբեր ձեւերով։ Դրա բնութագրական կարեւորագույն գիծը պայքարի խաղաղ, սահմանադրական եղանակն ու մեթոդներն էին, ինչը Շարժումը որդեգրել էր իր սկզբնավորման օրվանից։
Եթե մինչ Շարժումը սահմանադրությունն ընկալվում էր իբրեւ թղթի մի անպետք կտոր, իսկ Գերագույն խորհուրդը դիտվում էր իբրեւ մի վայր, որտեղ բոլոր պատգամավորները լոկ ձեւական բնույթ ունեցող քննարկումներով ու միաձայն կողմ էին քվեարկում վերեւից իջեցվող օրենքների նախագծերին, ապա Շարժման տարիներին մարդիկ աստիճանաբար սովորեցին նաեւ գնահատել գործող օրենքները, Գերագույն խորհուրդը սկսեց դիտվել իբրեւ մի վայր, որի որոշումներում պետք է դրսեւորվի ժողովրդի կամքը, իսկ պատգամավորները պարտավոր են ի պաշտոնե լսելի դարձնել այդ կամքը։ Ստեղծվեցին «սահմանադրական» կոչվող հատուկ խմբեր, որոնք համակարգում էին պատգամավորների հետ տարվող աշխատանքները։
1988-ի փետրվարից ի վեր ժողովրդական անհնազանդության, բողոքի, պահանջների ներկայացման հիմնական ձեւը խաղաղ, տարբեր կարգախոսներով, սակայն առանց բռնությունների եւ ոստիկանության հետ ընդհարումների հանրահավաքները, ցույցերը, երթերն, ինչպես նաեւ նստացույցերն ու հացադուլներն էին։
Ղարաբաղյան շարժման ժամանակ էր (1988, փետրվար, հուլիս, սեպտեմբեր), որ առաջին անգամ ԽՍՀՄ-ում օգտագործվեց պայքարի գործադուլային եղանակը համաժողովրդական ընդգրկմամբ, որպես բողոքի դրսեւորում կենտրոնական իշխանությունների գործողությունների դեմ։ Այն ուներ իր յուրահատկությունները, եւ թերեւս այդ պատճառով է, որ անգամ միութենական առաջադիմական մամուլի գնահատականներում չընդգրկվեց ԽՍՀՄ տարածքի առաջին գործադուլների շարքում։
Պայքարի սահմանադրական եղանակի ցուցիչներից էր 1988 թվականի մայիսին դրված Հայաստանի խորհրդարանի նստաշրջանի հրավիրման պահանջը, որն ուղեկցվում էր նստացույցերով, հացադուլներով, նաեւ պատգամավորների հետ բացատրական աշխատանք կատարելով։ Ի վերջո ստացվեց այնպես, որ նստաշրջանը գումարվեց պատգամավորների իսկ պահանջով։
Նույնը կրկնվեց 1988-ի նոյեմբերի վերջին՝ ավելի լայնամասշտաբ ձեւով. այդ ժամանակ խորհրդարանի ղեկավարությունը նպատակահարմար չէր գտնում արտահերթ նիստի կայացումը՝ քննարկվելիք հարցերի նկատմամբ այլ վերաբերմունք ունենալու պատճառով, ուստի եւ նստաշրջանը ժողովրդական պատգամավորների մի զգալի մասի իսկ պահանջով գումարվեց հանրահավաքների կենտրոնավայրում՝ Օպերայի շենքում։
Նիստի ժամանակ պատգամավորները մերժում են ԽՍՀՄ-ում ընտրությունների անցկացման նոր օրինագծի եւ ԽՍՀՄ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հրամանագրի ընդունումը՝ նկատի ունենալով դրանց
հակաժողովրդական բնույթը։
Նիստի հրավիրումը դեմոկրատական շարժման կենտրոնավայրում եւ նիստի ընթացքում ընդունված որոշումները ժողովրդի հաղթանակի վկայությունն էր, իրոք ժողովրդավարական խորհրդարանի ձեւավորման սկզբի ազդարարում. այդ օրն առաջին անգամ ժողովուրդն ինքն արեց իր ուզած նստաշրջանը, քննարկեց իր ուզած հարցերը, ընդունեց իր ուզած որոշումները եւ այդ ամենը՝ առանց «վերեւների» ներկայության, ինչը ցույց տվեց անդունդի առկայությունը ղեկավարության եւ ժողովրդի միջեւ։
Սակայն նույն գիշեր Երեւանում մտցվում է հատուկ դրություն եւ պարետային ժամ, իսկ ժողովրդական դարձած խորհրդարանի որոշումները ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները հայտարարում են հակասահմանադրական եւ ապօրինի։
Այն հանգամանքը, որ այդ նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը մղվեց երկրորդ պլան, նշանակում էր, որ Շարժումն իրոք ընթանում է վերակառուցման (իրական, այլ ոչ թե գորբաչովյան) ոգով, հօգուտ ընդհանրապես երկրի
ժողովրդավարացման, այլ ոչ թե նեղ ազգային շարժում է։ Մարդիկ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում էին միայն ողջ ԽՍՀՄ մասշտաբով իրական վերափոխումների մեջ։
Ղարաբաղյան շարժման ժամանակ էր՝ 1988-ի հոկտեմբերին, որ առաջին անգամ Խորհրդային Միությունում, ու թերեւս նաեւ Արեւելյան բլոկի երկրներում, տեղի ունեցան այլընտրանքային ընտրություններ։ Հայաստանի խորհրդարանի
պատգամավորներ ընտրվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը եւ «Գթություն» բարեգործական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանը։
Հարություն Մարության
Պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ
Հրապարակվող հոդվածը մասն է հեղինակի «Հայաստանի քաղաքացու ինքնության ձեւափոխման եւ Հայաստանի անկախության վերականգնման գործընթացը» ուսումնասիրության