ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջեւ մշակված եւ երեկ համացանցում տարածված իբր ստորագրվելիք փաստաթղթին, հորդորել է զուսպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանանշման մասին չճշտված տեղեկություններին եւ հետեւել միայն պաշտոնական աղբյուրներին:
«Ընդհանուր առմամբ, դա բավական նուրբ խնդիր է, եւ այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ, որ անհրաժեշտ է շատ զուսպ արձագանքել նման կարգի թեթեւամիտ հրապարակումներին եւ առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանանշման թեմայով այլ մանրամասներ Պեսկովը չի հրապարակել։