«Ղարաբաղ» կոմիտեն 1988-1989 թվականներին (եւ անգամ 1990-ի գարնանային խորհրդարանական ընտրությունների շեմին) չէր ձգտում ամեն գնով վերցնել իշխանությունը, ինչում նրան մեղադրում էին միութենական ղեկավարությունն ու մամուլը։
Եթե դա Կոմիտեի համար լիներ առաջնահերթ, խորհրդարանի շատ պատգամավորների հետ կանչելու կուրս կվերցվեր։ Սակայն կարեւորը պատգամավորներին՝ գործող օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում, ստիպելն էր, որ նրանք կատարեն ժողովրդի կամքը։
Եվ դա արվեց 1988-ի աշնանը ընդամենը երկու պատգամավոր խորհրդարան մտցնելու ճանապարհով, որտեղ նրանք (ինչպես նաեւ որպես դիտորդներ նիստերին հրավիրված Կոմիտեի մի քանի անդամները) սկսեցին լսելի դարձնել ժողովրդի ձայնը։
Խորհրդարանում աշխատելու առաջին ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում երկու պատգամավորների ակտիվությունը, եւ որ շատ կարեւոր է՝ ժողովրդավարական գործընթացներով պայմանավորված ընդհանուր պաթոսն այնքան էական դեր խաղաց խորհրդարանի աշխատանքներում, որ հանգեցրեց վերջինիս ընդհանուր ժողովրդավարացման։
Գերազանցապես այս հանգամանքով էր պայմանավորված վերը հիշատակված 1988-ի նոյեմբերի 24-ի նստաշրջանը։
1988 թվականի նոյեմբերի 7-ի «շքերթը» եւ նոյեմբերի 18-ի հարյուր հազարավոր մարդկանց երթը ցույց տվեցին, որ Շարժումն իրոք ուղղորդվում է ներքեւից, իսկ Կոմիտեի որդեգրած պայքարի սահմանադրական եղանակը բերեց նրան, որ ժողովուրդն ու նրա պայքարը ղեկավարող Կոմիտեն ունեցավ իշխանություն դե ֆակտո, իսկ նոյեմբերի 22-ի եւ 24-ի խորհրդարանի նիստերը ֆիքսեցին, որ ժողովուրդն ու Կոմիտեն ձեռք բերեցին նաեւ դե յուրե իշխանություն։
Այսինքն, պայքարի սահմանադրական եղանակը տվեց իր դրական արդյունքները, չնայած եւ մերժվեց «վերեւից հեղափոխություն» իրականացնող ԽՍՀՄ ղեկավարության կողմից։
Պայքարի սահմանադրական եղանակի արդյունավետության բարձրակետը 1990-ի մայիս-հունիսի խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում ձեւավորված խորհրդարանում ոչ-կոմունիստները հասան առավելության եւ քվեարկությունների մի քանի փուլերից հետո «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց խորհրդարանի նախագահ։
1990-ի օգոստոսի 23-ին ընդունվեց «Անկախության հռչակագիրը», որը սկիզբ դրեց խորհրդային ոճի կառավարում ունեցող երկրից՝ անկախ ժողովրդավարական պետություն կառուցման գործընթացին։
Ի տարբերություն մերձբալթյան երկրների, որտեղ շարժումներն սկզբից եւեթ միտված էին անկախության ձեռքբերմանը, Հայաստանում հակախորհրդային տրամադրություններն աճում էին աստիճանաբար, ինչը եւս Շարժման՝ ներքեւից ուղղորդված լինելու ցուցիչներից է։ Նման գործընթացի հիմնական «մեղավորը» ընկալվում էր ժողովրդավարական վերափոխումների կուրս հռչակած ԽՍՀՄ ու ԽՄԿԿ ղեկավարությունն իր քայլերով։
Դրանց թվում էին՝ ժողովուրդների «լենինյան» որակվող ինքնորոշման իրավունքի կիրառմանն ընդդիմանալը, սումգայիթյան իրադարձություններին (որոնք մարդկանց գիտակցության մեջ միանշանակ համադրվել էին 1915-ի ցեղասպանության հետ) քաղաքական ու իրավական գնահատական չտալը, խորհրդային-ռուսական բանակային ստորաբաժանումների պատժիչ գործողությունները Հայաստանում եւ ԼՂԻՄ-ում, խորհրդային արժեքների («ճշմարտության հայելի» մամուլ, «ժողովուրդների անխախտ բարեկամության» գաղափարախոսություն, «ամենաարդար» դատական համակարգ եւ այլն) նկատմամբ հավատի կորուստը եւ այլն։
Արդյունքներից մեկն ինքնամաքրման գործընթացի ձեւավորումն էր. 1988 թվականի հուլիսից սկսեցին հանձնել կոմերիտական տոմսերը, իսկ 1989-ից՝ զանգվածաբար դուրս գալ նաեւ կոմունիստական կուսակցության շարքերից։ Սկսվեց նաեւ անցյալի ու ներկայի վերագնահատման գործընթաց, ինչը դրսեւորվում էր ժողովրդի միակամության արժեքի գիտակցման («Հույսներս մեզ վրա, հայեր»), ինքնուրույն գործելակերպի հնարավորության նկատմամբ հավատի աճի («Մենք պետք է կռվենք, եւ ոչ լաց լինենք»), հայության հանդեպ ռուս ժողովրդի փրկարար դերի վերաբերյալ դարերի պատմություն ունեցող հավատի սասանման («Մոսկվա→Բաքու→Սումգայիթ»), ռուսական մշակութային ասիմիլյացիայի դեմ պայքարի գիտակցման («Հայ երեխային – հայկական դպրոց») եւ ինքնության այլ ձեւափոխումների մեջ։
Այսինքն, արտաքին եւ ներքին գործոններով պայմանավորված գաղափարները, ծնվելով ներքեւներում, աստիճանաբար հասունանալով, քայլ առ քայլ էին ձեռք բերում համաժողովրդական ընդգրկում։
Հայկական հեղափոխությունն առաջինն էր նախկին ԽՍՀՄ տարածքում ձեւավորված ազգային-դեմոկրատական շարժումների եւ հեղափոխությունների շարքում։ Շատ երեւույթներ Հայաստանում զարգանում էին ինքնուրույն, պետական մեքենայի հետ դիմակայության պայմաններում, բայց եւ գործող օրենքների շրջանակներում։
Ահա այս պատճառով ես չեմ բացառում, որ Հայկական հեղափոխության հետազոտման ճանապարհով ձեռք բերված գիտելիքը կարող է եւ առաջարկել նոր, թերեւս նրբերանգային տարրեր հեղափոխությունների արդի տեսությունների մեջ։
Որպես կանոն ցանկացած առաջին երեւույթ ունի յուրահատկություններ, որոնց իմացությունը կարող է նոր պարզաբանումներ բերել իրեն հաջորդող իրադարձությունների ուսումնասիրման գործում։ Ղարաբաղյան շարժումը կամ Հայկական «չճանաչված» հեղափոխությունը մինչ օրս Հայաստանում կամ արտերկրում դեռեւս չի դարձել հատուկ հետազոտության առարկա հեղափոխությունների արդի տեսությունների լույսի ներքո, երբեք մասնագիտորեն չի համեմատվել 1980-ականների վերջին-1990-ականների սկզբին ԽՍՀՄ եւ Արեւելյան Եվրոպայի տարածքում տեղ գտած համանման իրադարձությունների հետ։ Ահա սա այն խնդիրներից մեկն է, որ այսօր կանգնած է հայ հասարակագետների առաջ։
Ցանկացած երկրի նկատմամբ քաղաքականություն մշակելիս, թերեւս հաշվի է առնվում այդ երկրի ներուժը ոչ միայն ռազմական կամ տնտեսական, այլ նաեւ քաղաքակրթական առումով. մի բան է, երբ դու գործ ունես հզոր բանակ ու տնտեսություն, բայց մշակութային ոչ հարուստ ավանդույթներ ունեցող երկրի հետ, մեկ այլ բան, երբ քո հետաքրքրության առարկա պետությունը գուցե թե շատ ուժեղ չէ տնտեսապես, բայց նրա բնակիչները ունեն քաղաքակրթական ու մտավոր լուրջ ներուժ, նրանց ավանդույթները՝ համապատասխան պայմանների պարագայում, կարող են որոշիչ դառնալ ազգային մոբիլիզացիայի համար, կրկնապատկել ու եռապատկել խոչընդոտները հաղթահարելու կարողությունները։
Այսինքն, այլ բան է, երբ Հայաստանի վերջին 20-25 տարվա պատմությանը նայում ես իբրեւ հարեւան պետությունից տարածքներ ձեռք բերելու համար կոնֆլիկտի մեջ գտնվող երկրի, մեկ այլ բան՝ երբ նրան դիտում ես որպես մի ժողովրդի, որը 20-րդ դարի վերջում պայքարի ելավ ամենազոր խորհրդային կայսրության դեմ, եւ հաղթեց նրան ոչ թե ուժով, այլ ազգային արժեքների վրա հենված ժողովրդավարական, հեղափոխական այնպիսի մի ալիք առաջ բերելով, որն ի վերջո քանդեց Բեռլինի պատը եւ պատմության գիրկն ուղարկեց կոմունիզմի նկատմամբ ունեցած վախը։
Հարություն Մարության
Պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ
Հրապարակվող հոդվածը մասն է հեղինակի «Հայաստանի քաղաքացու ինքնության ձեւափոխման եւ Հայաստանի անկախության վերականգնման գործընթացը» ուսումնասիրության