Արեւմուտքում կարծում են, որ Իսրայելը ռազմական գործողություններ կսկսի Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում, անկախ միջազգային դիրքորոշումներից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով բարձարստիճան պաշտոնյաներին, որոնց անունները չի նշվում։
Արեւմտյան գործիչները գնալով էլ ավելի մեծ անհանգստություն են հայտնում Գազայի հատվածում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի շուրջ, գրում է գործակալությունը։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Իսրայելից պահանջում են մանրամասներ ներկայացնել Ռաֆահից Գազայի հյուսիսային շրջաններ պաղեստինցիներին տարհանելու ծրագրի վերաբերյալ: Չնայած Իսրայելի վրա գործադրվող նման ճնշումներին Bloomberg-ի աղբյուրները կարծում են, որ այնուամենայնիվ Ռաֆահի շրջանում գործողություններ կիրականացվեն։
Գործակալությունը նշում է, որ իսրայելցի պաշտոնյաները մասնավոր կերպով ընդունում են, որ հրեական պետությունը չունի հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է իրականացնի գործողությունը Ռաֆահում, որքան ժամանակ այն կարող է տեւել կամ ինչպես պետք է այնտեղից տարհանել շուրջ 1․5 մլն փախստականներին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Bloomberg-ին նշել է, որ զինվորականներից սպասում է Ռաֆահից խաղաղ բնակիչներին տեղափոխելու ծրագիր։
Փետրվարի 9-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ վարչապետը զինվորականներին հանձնարարել է նախապատրաստել խաղաղ բնակչության տարհանման եւ Ռաֆահում ՀԱՄԱՍ շարժման մնացած չորս գումարտակների ոչնչացման ծրագիր։ Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցն էլ փետրվարի 18-ին հայտարարել է, որ Իսրայելը կընդլայնի իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում մինչեւ Ռաֆահ, եթե ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելացիները ազատ չարձակվեն մինչեւ մարտի 10-ը՝ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա սկիզբ։