Հայաստանը ըստ էության սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցի ժամանակ։
«ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021, 2022 թվականներին, եւ դա չէր կարող մեզ համար անցնել առանց հետեւանքների: Այդ հետւեւանքն այն է, որ մենք այսօր գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի կազմակերպություններում: Վաղը ինչ կլինի, վաղը կերեւա», — հայտարարել է Փաշինյանը:
Վարչապետը ընդգծել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ եւ դրան հոջորդող ամսում «Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ եւ տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ Կառավարությունը»։ Նա նաեւ հավելել է, որ «Ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված, հետեւողական եւ նպատակամղված հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության եւ անձամբ իմ դեմ»:
Փաշինյանը հարցազրույցի ընթացքում նաեւ հավանական է համարել Ադրբեջանի նոր հարձակումը Հայաստանի վրա։
«Խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է»,-նշել է ՀՀ վարչապետը։